211652_close_icon
views-count919 դիտում article-date 19:20 01-12-2014

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ

Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարված կրթության որակի ապահովման շաբաթը: Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՊՏՀ-ում «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին երկրում որակի ապահովման մշակույթի կայացմանը մասնակցության համար, նշեց, որ «Արարատ» ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում: Թոփչյանն ասաց, որ բուհ-գործատու կապի ստեղծմամբ հնարավոր կլինի հստակեցնել, թե ինչ հմտություններով մասնագետի կարիք ունի աշխատաշուկան, և բուհն ու դասախոսն ինչ գիտելիքներ պետք է փոխանցեն ուսանողին, որպեսզի ունենանք պահանջված մասնագետ: Ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՊՏՀ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ կարևորելով Հայաստանում հերթական անգամ կրթության որակի ապահովման շաբաթ իրականացնելու ՈԱԱԿ նախաձեռնությունը: ՈԱԱԿ ներկայացուցիչ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը»-ի ստեղծման աշխատանքները: Նա նշեց, հիմնական խնդիրն այն է, որ թույլ է կապը բուհի և աշխատաշուկայի միջև. «Կան բուհեր, որոնք ուսումնասիրում են կարծիքներն իրենց շրջանավարտների վերաբերյալ, բայց այդ ուսումնասիրությունները չի կարելի համարել ամբողջական»: Այվազյանի խոսքով`խնդիր է նաև այն, որ չկան հանրության կողմից ճանաչված մասնագիտական ասոցիացիաներ, որոնք իրենց վրա աշխատաշուկայի պահանջները բուհերին ներկայացնելու պարտավորություն են վերցրել. Գործատուների միությունը միավորում է որոշ քանակի գործատուների, բայց միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատաշուկայի բոլոր ոլորտների պահանջները»: Նա տեղեկացրեց, որ «Արարատ»-ի շրջանակներում կստեղծվեն ոլորտային հանձնաժողովներ, որոնք կմշակեն որակավորումների ոլորտային շրջանակներ: Այդպիսով կապահովվի կրթական ծրագրերի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին, աշխատաշուկայի և հանրության պահանջներին, ինչպես նաև ոլորտի զարգացումներին: Քննարկումների ժամանակ հարց հնչեց, թե ինչ լուծում կա իրավիճակին, երբ գործատուն նեղ մասնագիտական հմտություններ է պահանջում, իսկ բուհն ուսանողին տալիս է ընդհանուր գիտելիք: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ դեմ է գործատուի պահանջով մասնագիտացում ստեղծելուն, քանի որ նման պարագայում, եթե գործատուն շրջանավարտների համար 100 տոկոսով զբաղվածություն չապահովի, ապա հետագայում նրանք խնդիր կունենան աշխատանք գտնելիս: Նրա խոսքով`քանի որ շրջանավարտի կարիերայի ողջ ցիկլը կանխատեսել հնարավոր չէ, հարկավոր է առաջնորդվել ընդհանրական որակավորումներով: Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը: «Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:

Նմանատիպ նյութեր