211652_close_icon

Կրթության որակի շաբաթը մեկնարկեց. հայաստանյան բուհերի ուսանողները քննարկեցին իրենց առավել հուզող խնդիրները

views-count2624 դիտում article-date 21:37 20-02-2017
Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց ուսանողական աշխատաժողովով. հայաստանյան բուհերի ուսանողները քննարկեցին իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ազդարարելով որակի շաբաթվա մեկնարկը, նշեց, որ ՈԱԱԿ-ը կարևորել ու կարևորում է ուսանողակենտրոն կրթությունը, և պատահական չէ, որ մեկշաբաթյա միջոցառումները մեկնարկում են ուսանողների խնդիրների քննարկմամբ: Պարոն Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի շաբաթն առանձնահատուկ է, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու, գնահատման սովորեցնող լինելու հանգամանքները և այլն: Աշխատաժողովի ընթացքում ուսանողները քննարկեցին, թե ինչպիսի ուսուցում են ակնկալում ուսումնական հաստատություններից: Գերակշռում էր տեսակետը, որ համալսարանում ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիքներ, որ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե լեկցիաներ թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու ստացած տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով: Կրթական գործընթացներում գործատուների ներգրավվածության հարցը քննարկելիս շեշտադրվեց, որ բուհն ինքը պետք է նախաձեռնի գործատուների հետ կապի հաստատումը: Միջոցառման մասնակիցների կարծիքով դասախոսների թվում զգալի տոկոս պետք է կազմեն գործատուները, որոնք աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ: Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթության բացերը: Կարևորվեց, որ մագիստրատուրայում սովորողը դիտվի նաև պոտենցիալ աշխատուժ և համալսարանն ավարտելիս ունենա որոշակիորեն մշակված առաջարկներ կամ նախագծեր, որոնք կյանքի կկոչի ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համագործակցությամբ: Ուսանողներին ներկայացվեց նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը, որն աջակցում է ուսանողներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչպես նաև պատրաստում է ուսանող-փորձագետներ հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար: Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին կրթության որակի ապահովման գործընթացների մասնակից լինելու հնարավորությունը: «Փոփոխությունները սկսվում են, երբ մարդիկ խոսում են: Եվ շատ կարևոր է, երբ ուսանողների ձայնն է լսելի, երբ նրանք բարձրաձայնում են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, քանի որ կրթության հիմնական շահառուն հենց ուսանողներն են»: Աշխատաժողովը եզրափակվեց մոտիվացիոն ելույթներով. հաջողության իրենց փորձով կիսվեցին Պարարվեստի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը, Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ի հիմնադիր Արմենակ Մինասյանցը և Ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 21-ին կքննարկվեն երիտասարդ դասախոսների խնդիրները, փետրվարի 22-ին՝ մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությունը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Նմանատիպ նյութեր