211652_close_icon
views-count997 դիտում article-date 16:37 05-12-2014

Քննարկվել են բուհերի ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները

Այսօր «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները: Երկօրյա համաժողովը մեկնարկել էր երեկ՝ դեկտեմբերի 4-ին: ՈԱԱԿ աշխատակից Վարդուհի Գյուլազյանն ամփոփեց նախորդ օրվա քննարկումների արդյունքները, որից հետո ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՄՀ պրակտիկայի վարչության ղեկավար Վահան Սարգսյանը և ՈԱԱԿ փորձագետ-ուսանող Արմինե Յարալովան ներկայացրեցին փորձագիտական զեկույցների միջոցով շահակիցների հետ հաղորդակցության առանձնահատկությունները, մասնագիտական բառապաշարի յուրահատկությունները: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը ներկայացրեցին ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, անդրադարձ կատարվեց առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման նոր փուլին: Պարոն Մակարյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի համար ծրագրային հավատարմագրման գործընթացում անծանոթ ոչինչ չի լինի: Ըստ հավատարմագրման կարգի՝ ծրագրային հավատարմագրում կարող են անցնել միայն բուհերը, որոնք արդեն իսկ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցել: Իսկ մնացած բուհերին ՈԱԱԿ-ը կարող է տրամադրել միայն փորձագիտական եզրակացություն, սակայն հավատարմագրման հանձնաժողովը որոշում չի կայացնի: Մասնակիցների հետ քննարկվեց նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը: Բելգիացի փորձագետ Ռոմեին Հուլպիան զեկույց ներկայացրեց ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունների մասին, իսկ ՀԱՀ ուսումնական պլանների մշակման հանձնաժողովի նախագահ Կատրին Բաունը խոսեց կրթական ծրագրերի վերլուծության միջոցով ինստիտուցիոնալ որակի ապահովման մասին: ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանի մասնակցությամբ քննարկվեց նաև մասնագիտությունների և որակավորումների ցանկը: Օրվա ավարտին մասնակիցների համար խմբային աշխատաժողովներ կազմակերպվեցին ծրագրային հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման վերաբերյալ: Աշխատաժողովները վարում էին միջազգային փորձագետներ Անդրե Գովարտը և Ռոմեին Հուլպիան: Համաժողովով ամփոփվում է ՈԱԱԿ հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթը: Նախորդ հինգ օրերի ընթացքում ներկայացվել են «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, TNE-QA, ARMENQA ծրագրերը, ամփոփվել են «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: ՈԱԱԿ-ը կրթության որակի ապահովման շաբաթն իրականացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ: Սա թվով երկրորդն էր:

Նմանատիպ նյութեր