211652_close_icon
views-count1377 դիտում article-date 15:53 08-12-2014

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է աշակերտներին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանն ընդունել է Արմավիր քաղաքի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին (8-9-րդ դասարանների շուրջ 20 աշակերտ): Երեխաներին ուղեկցում էին դպրոցի տնօրենի տեղակալ Ն. Խորենյանը, պատմության ուսուցչուհի Զ. Տոնոյանը, ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Հ. Դավթյանը, զինղեկ Ա. Ասատրյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Մարգարյանը: Աշակերտների այցը նախարարություն կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ` Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ: Հիմնական նպատակն էր ծանոթացնել երեխաներին նախարարության` որպես արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության համար պատասխանատու կառույցի աշխատանքին: Նախարար Ա. Երիցյանն իր պատանի ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթներն ու խնդիրները, գործակալությունների աշխատանքը, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը: Հանդիպումն ընթանում էր նախարարության խորհրդակցությունների սրահում, որտեղ երեխաները հնարավորություն ունեին տեսնել, թե ինչպես է խոշոր աղետի դեպքում արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը կառավարման կենտրոնից ղեկավարում արձագանքման աշխատանքները: Երեխաներին հիմնականում հետաքրքրում էին սեյսմիկ պաշտպանության հետ կապված հարցերն ու Գառնու երկրաֆիզիկական դիտարանը: Պատասխանելով հարցերին` Ա. Երիցյանը նրանց հրավիրեց դիտարանի պաշտոնական բացումից հետո այցելել Գառնի և անձամբ տեսնել դիտարանի աշխատանքը: ՏԿԱԻ նախարարի հետ հանդիպումից հետո երեխաները եղան նաև ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի աշխատանքի սկզբունքներն ու տեխնիկական հագեցվածությունը: Երեխաները, ոգևորվելով նախարարի հետ հանդիպումից, որոշել են դպրոցում պատանի փրկարարների խումբ ստեղծել, իսկ ուսուցչական կազմի ներկայացուցիչները դպրոցի տնօրինության և աշակերտների անունից շնորհակալություն հայտնեցին նախարար Ա. Երիցյանին` բարձր մակարդակով կազմակերպված և ջերմ ընդունելության համար:

Նմանատիպ նյութեր