211652_close_icon
views-count1383 դիտում article-date 19:28 09-12-2014

ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տ.գ.թ. Յուրի Ջավադյանի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանը հոգաբարձուների խորհրդի անունից շնորհավորել է Յուրի Ջավադյանին, մաղթել բեղմնավոր աշխատանք եւ վստահություն հայտնել, որ նա իր մասնագիտական փորձով եւ գիտելիքներով նոր թափ կհաղորդի ԱՎԶՀ գործունեությանը: Յուրի Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանում անտառների վերականգնման եւ զարգացման գործընթացն առաջ տանելու համար:Քննարկվել են նաեւ անտառների պահպանությանը, վերականգնմանը եւ նոր անտառների ստեղծմանը, ինչպես նաեւ անտառամերձ համայնքներում ապօրինի ծառահատումների կանխարգելմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ խիստ հսկողության միջոցով բացառել ապօրինի անտառահատումները եւ ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ: Նիստում արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր