211652_close_icon
views-count875 դիտում article-date 16:35 25-03-2015

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը: Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները: Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

Նմանատիպ նյութեր