211652_close_icon
views-count1036 դիտում article-date 16:26 10-12-2014

«Ռիգա Սիմֆոնիա-2014» միջազգային փառատոնում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Դեկտեմբերի 4-8-ը, Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը: «Ռիգա Սիմֆոնիա-2014» մրցույթ-փառատոնը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը, անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում: Մրցույթին հանդես է եկել 200 մասնակից` 18 երկրից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են հետևյալ մրցանակների. Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում»՝ Գրան պրի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և Ոսկե մեդալ, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և Ոսկե մեդալ, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակ և Արծաթե մեդալ: Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր