33720 դիտում
13:36 13-12-2014
Բացառիկ հարցազրույց երևանաբնակ 100-ամյա Մանյա տատիկի հետ, ում ապրած տարիները երջանկություն չեն բերել, քանի որ սիրել է, բայց՝ կույս մնացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեւանաբնակ 100-ամյա Մանյա Հարությունյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նշում է իր ծննդյան 100-ամյակը, բայց իրեն երջանիկ չի համարում: Ավելին` իրեն նմանեցնում է Թումանյանի հերոսներից Անուշին, որովհետեւ ընտանիք չունի՝ ոչ սիրող ամուսին, ոչ զավակներ: Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ու շարունակաբար մերժել ամուսնության առաջարկները: Ափսոսանքով միայն տարիներ անց գիտակցել իր ամենամեծ սխալը: Իսկ 100-ամյակին պահված միակ երազանքը այն է, որ դուռը բացող լինի. թեկուզ անծանոթ մարդկանց կողմից չանտեսվի եւ իրեն վերջնականապես լքված չզգա:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ նա բացառիկ անկեղծ հարցազրույց ունեցավ՝ նկատելով հանդերձ, որ ճիշտ է, դժվար է իրեն այդ մասին խոսել, բայց գուցե իր անկեղծությունը շատերին կօգնի՝ իր կատարած ճակատագրական սխալները չկրկնելու:
[b]-Տիկին Հարությունյան, ճիշտ է, այսօր Ձեր հարյուրամյակն եք տոնում, բայց շատ ավելի երիտասարդ եք երեւում: Եվ այս խոսքերը զուտ հաճոյախոսության համար չեմ ասում:
[/b]
-Շնորհակալ եմ: Բայց ես տիկին չեմ: Ամուսնացած չեմ եղել: Օրիորդ եմ:
[b]-Կներեք: Բա ինչպե՞ս դիմեմ:
[/b]
-Չգիտեմ, գուցե՝ անունով:
[b]-Լավ, տատ ջան: Այս կյանքում բոլորը ձգտում են երկար ապրել: Դուք մի դար եք ապրել: Ի՞նչ թողեցիք անցած տարիներում եւ ի՞նչ բերեցիք Ձեզ համար: Ի՞նչ ընտանիքում եք ծնվել, ծնունդով որտեղի՞ց եք:
[/b]
-Անցյալում թողեցի երիտասարդությունս, կորցրեցի ունեցած մոտ հարազատներիս: Իսկ ինձ միայն հիշողությունները մնացին: Ծնվել եմ Իջեւանի Վերին Աղդա գյուղում, բայց հայրս Կոթի գյուղից էր: Նա քահանա էր եւ մի հիվանդի աղոթելու ժամանակ վարակվել ու մահացել է: Մենք 4 երեխա ենք եղել: Մեր փոքր եղբայրը փոքր տարիքում է մահացել, իսկ մյուս երեքիս մայրս միայնակ, մեղվապահությամբ մեծացրել է: Բայց նա էլ շուտ մահացավ: Տանջված կին էր: Մենք երեք երեխաներով մեղվի պես աշխատող ենք եղել: Համ բարձրագույն ուսումնական հաստատությունները ավարտեցինք, համ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցրինք: Եղբայրս գրող էր, իսկ քույրս՝ գիտական աշխատող: Ես էլ մանկավարժ եմ. Պարույր Սեւակի անվան դպրոցում եմ աշխատել, քիմիայի ուսուցչուհի, գիշերօթիկ դպրոցում՝ ուսմասվար, քաղաքային սովետի դեպուտատ եմ եղել: Դպրոցում նաեւ երգչախումբ եմ ղեկավարել, թատրոններ բեմադրել եւ այլն եւ այլն:
[b]-Իսկ, որ խնդրեմ, մի երգ կերգե՞ք: Ո՞ր երգն է, որը հաճախ երգում եք եւ մտովի թերթում անցած-գնացած տարիները:
[/b]
-Բայց ձայնս էլ այն չէ: Իմ ամենասիրած երգը «Երազ»-ն է, քանի որ կյանքը նույնպես երազ է.
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
Այրեց նշույլ ուրախության,
Բայց ափսոս, որ երազ էր:
Կյանքը հիշողություն է, էլի: Հիշողություն ու վերջ:
[b]-Երբեւիցե պատկերացրե՞լ եք, որ մի օր հարյուրամյակ կտոնեք: Երիտասարդ տարիներին ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեր ապագան, խոր ծերությունը: Ձեր սպասելիքները արդարացա՞ն, թե՞ ոչ:
[/b]
-Ոչ: Ես դժբախտ կին եմ, քանի որ երեխաներ չունեմ: Ճիշտ է, բարեկամներ ունեմ: Բայց, եթե քո անձնական ընտանիքը չունես, միայնակ ես այս կյանքում: Ես չէի պատկերացնում, որ կարող եմ շատ ապրել: Վերջիվերջո, ինչի՞ն են պետք այդ տարիները, եթե ինչ-որ մեկին պետք չես: Իմ կյանքը ես չկազմակերպեցի այնպես, ինչպես կարելի էր: Ես չունեցա զավակներ:
[b]-Իսկ ինչո՞ւ չամուսնացաք: Երկրպագուներ, ամուսնության առաջարկություններ Ձեր կյանքում չեն եղել, թե՞ եղել են ու մերժել եք:
[/b]
-Ինձ շատ հետեւողներ են եղել: Բայց ես բոլորին քշել եմ: Անգամ փորձել են փախցնել: Գիտե՞ք, ինչքան նամակներ են գրել: Մի բժիշկ էլ ուզում էր փախցնել, բայց ես բժիշկներին առվել եւս չէի սիրում:
[b]-Տատ, այն ժամանակ «տաք» եք եղել ու չեք զգացել, թե ինչ եք անում, իսկ ո՞ր տարիքից զղջացիք, որ մենակ եք մնացել:
[/b]
-Ես միայն հիմա եմ զղջում: Այն ժամանակ շրջապատված էի բարեկամներով եւ ընկերներով ու չէի հասկանում, բայց տարիների ընթացքում նրանց էլ կորցրեցի ու մնացի մենակ:
[b]-Այս տարիների ընթացքում նաեւ Ձեր կուսությո՞ւնն եք պահպանել:
[/b]
-Այո, իհարկե:
[b]-Տատ, ուզում եմ հասկանալ՝ ընդհանրապե՞ս չեք սիրել, թե հոգու խորքում, այնուամենայնիվ, ինչ-որ մեկին սիրել եք, բայց չեք բարձրաձայնել այդ մասին:
[/b]
-Այո, սիրել եմ: Ինչի՞ չէ: Իմ ուսուցչին էի սիրում ու իմ դասախոսին: Բայց իրենք ուրիշին էին սիրում: Բայց, եթե ինձ առաջարկություն անեին, իրենց հետ կամուսնանայի:
[b]-Իսկ ժամանակակի՞ց եք եղել, թե՛ ոչ: Օրինակ, ծխել, կարճ հագնել: Այն ժամանակ քչերն էին շալվար հագնում: Դուք հագե՞լ եք, թե՞ ոչ:
[/b]
-Ես ժամանակակից եմ եղել, բայց՝ բարոյական: Կարճ հագել եմ, բայց շալվար չէ: Իսկ ծխել ոչ ընդունել եմ, ոչ էլ ծխել: Խնջույքներին, քեֆերին միշտ երգել եմ: Բայց ես ամբողջ կյանքս հիմնականում տվել եմ ուսմանն ու աշխատանքին: Հիմնականում «Անուշ»-ի երգերն էի երգում: Բայց մայրս արգելում էր: Ասում էր՝ սիրահարական երգեր մի՛ երգի: Չէր ուզում, որ սիրահարական երգեր երգեմ: Ես էլ իրա մոտ չէի երգում:
[b]-Իսկ, տեսեք, ասացիք, որ Ձեր մայրը արգելել է Ձեզ սիրահարական երգեր երգել: Նման արգելքները, ի՞նչ եք կարծում, ճակատագրական դեր խաղացի՞ն Ձեր կյանքում, որ Դուք այսօր մենակ եք:
[/b]
-Այո, ճիշտ նկատեցիք: Դա շատ մեծ նշանակություն ունի: Ճիշտ է, ես ակտիվ մարդ էի, ընկերասեր, բայց կին եւ տղամարդ շփման մեջ սահմանափակ էի:
[b]-Իսկ Ձեր եւ Անուշի կյանքի մեջ նմանություն տեսնո՞ւմ եք:
[/b]
-Այո, Անուշը սիրո հարցում դժբախտ էր: Այդ հարցում նման ենք:
[b]-Իսկ Դուք ուժե՞ղ կին եք, թե՞ թույլ:
[/b]
-Ուժեղ եմ իմ կամքով, որ այսքանից հետո դեռ շարունակում եմ ապրել, իսկ թույլ, որ կին եմ ու միայնակ:
[b]-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
[/b]
-Կինը պետք է լինի կուլտուրական, մարդասեր, գեղեցիկ, բարեհամբույր եւ, ամենակարեւորը, բարոյական:
[b]-Կնկարագրե՞ք, թե ինչպիսին էիք երիտասարդ տարիներին՝ նիհա՛ր, գե՞ր, սեւահե՞ր, թե՞ շիկահեր:
[/b]
-Ես միշտ գեղեցիկ կազմվածք եմ ունեցել: Չաղ չեմ եղել: Սիմպատիչնի, սիրուն աղջիկ եմ եղել կարճ ստրիժկայով:
[b]-Տատ, իսկ Ձեր ժամանակվա ջահելությո՞ւնն էր ավելի լավ, թե՞ այժմյան: Ներկայիս ջահելության ապրելակերպը, հագուկապը Ձեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ:
[/b]
-Դե, մենք տիկնիկներով էինք խաղում: Հիմա ո՞վ է տիկնիկի վրա նայում: Բայց հիմիկվա ջահելությունը ավելի լավն է: Ինչ անում են, լավ են անում:
[b]-Ի՞նչն են լավ ու ճիշտ անում:
[/b]
-Որ կյանքը գնահատում են ու ժամանակից հետ չեն մնում:
[b]-Ինչի՞ հետ չեք համակերպվում:
[/b]
-Մենակության: Իմ բարեկամներն են միայն ինձ սթափեցնում: Մի ընկերուհի ունեմ նաեւ, որ ինձ մենակ չի թողնում: Այ, հիմա էլ եկել է, որ ինձ հետ խոսի, ինձ հետ զրուցի: Երբ ինձ հետ խոսում են, ես ինձ շատ լավ եմ զգում: Իսկ, երբ մենակ եմ մնում, շատ վատն եմ դառնում: Ասում եմ, էլ ինչի՞ եմ ապրում, որ ոչ ոքի պետք չեմ: Ավելորդ բան է ապրելը, երբ չունես ընտանիք, ընկերներ, լավ բարեկամներ: Ուզում եմ, որ գնան, գան, շփում ունենամ մարդկանց հետ: Թեկուզ անծանոթ մարդիկ գան, գնան:
[b]-Տատ, ի՞նչ երազանք եք պահել ծննդյան օրը:
[/b]
-Երազանքս լավ, ուրախ կյանքն է, որ դուռս բացող, փակող լինի: Ճիշտ է, իմ անձնական ընտանիքը չունեմ, բայց մարդիկ ինձ մենակ չթողնեն:
[b]-Իսկ Ձեր կյանքի ամենադժբախտ եւ երջանիկ օրերը որո՞նք են եղել:
[/b]
-Ամենադժբախտ օրը մորս կորուստն էր: Իսկ երջանիկը չեմ հիշում: Ուրախանալու առիթներ շատ են եղել: Բայց, ճիշտն ասած, չեմ հասկացել, թե երջանկությունը ինչ է:
-Տատ, մարդ, որ ծնվում է, գիտակից տարիքից սկսած փորձում է հասկանալ, թե ինչի համար է լույս աշխարհ եկել, ո՞րն է նրա լույս աշխարհ գալու միսիան: Ու ինչքան մեծանում ենք, այդ հարցը շարունակում է տանջել: Դուք մի դար ապրել եք: Այդ հարցի պատասխանը գտե՞լ եք, թե՞ ոչ:
-Չէ, չեմ հասկացել: Ես էլ այդ հարցի պատասխանը չունեմ:
[b]-Իսկ եթե կյանքը զրոյից սկսելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:
[/b]
-Կամուսնանայի եւ այսօր անտեր ու գիշերները մենակ չէի մնա: Ճիշտ է, բարեկամներս գալիս են ինձ տեսակցության, բայց երբ գնում են, ես մնում եմ մենակ:
[b]-Ասում են, ամեն մարդ ունի իր ճակատագիրը: Ի՞նչ եք կարծում, մենակ մնալը Ձեր ճակատագի՞րն էր, թե՛ անձնական ընտրությունը:
[/b]
-Դա իմ կյանքի ամենասխալ ընտրությունն էր: Եթե ամուսնության առաջարկներ չլինեին, կասեի, որ ճակատագիր էր: Բայց սա նման է այն երեւույթին, որ մի բանի մասին շատ ես երազում ու, երբ ինչ-որ մեկը նվիրում է այն, ամոթից կամ հպարտությունից ելնելով՝ չես ընդունում: Հետեւաբար, այստեղ ոչ Աստված, ոչ ճակատագիր ասվածը մեղք չունեն, քանի որ ինձ հնարավորություն տրվել է, որը ես չեմ ընդունել: Եթե նախկինում իմ բարեմաղթանքներում առաջինը աշխարհին խաղաղություն էի մաղթում, հետո, մարդկանց՝ առողջություն, հիմա բոլորին ցանկանում եմ, որ ոչ ոք այս կյանքում մենակ չմնա: Կյանքում ամենամեծ երջանկությունը մենակ չմնալու մեջ է:
[b]-Տատ, շնորհակալ եմ Ձեր բացառիկ անկեղծության համար: Թեեւ Դուք շատերին տանջող հարցի պատասխանը չեք գտել, բայց Ձեզ հետ զրույցից հետո ես ինչ-որ չափով գտա այդ հարցի պատասխանը: Գուցե մարդուն կյանքը տրված է այնպես ապրելու համար, որ նա վերջում միայնակ չմնա:
[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8482 դիտում
18:31 18-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Հեշտ է սիրել Տիգրան Մեծին, ավելի դժվար է հասկանալ ու սիրել Աշոտ Երկաթին
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից