211652_close_icon
views-count830 դիտում article-date 10:22 25-12-2014

Ամփոփվել են «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի արդյունքները

Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարությունների, մարզպետարանների, ՏԻՄ ղեկավար կազմի, «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, հասարակական, հայրենակցական կազմակերպությունների ղեկավարներ: Ամփոփելով 2014թ. ծրագրերի իրականացման արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ դրանց իրականացման բարեհաջող ընթացքին և գոհացուցիչ արդյունքներին մեծապես նպաստել է պատկան գերատեսչությունների և մարզպետարանների պատրաստակամ և բարեխիղճ աշխատանքը: «Այս տարի «Արի տուն» ծրագրի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցներ ունեցանք Դիարբեքիր-Տիգրանակերտի իսլամացած հայերից, որոնք վճռականություն էին ցուցաբերել վերադառնալու իրենց ազգային ակունքներին, - նշեց նախարարը՝ հավելելով, - ծրագրի շրջանակներում մենք 80 երիտասարդի հյուրընկալեցինք Արցախ աշխարհից, 20-ին՝ 2014թ. երիտասարդության մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքից»: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, զեկուցելով ծրագրերի արդյունքների մասին, նշեց, որ դրանք իրականացվել են ամբողջական ծավալներով՝ առանձին դեպքերում գերազանցելով նախանշված ցուցանիշները: «Իմ Հայաստան» փառատոնին 1000-ի փոխարեն մասնակցել է 1500 մարդ՝ աշխարհի 20 երկրից, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թիվը 2014թ.-ին հասավ շուրջ 300-ի, իսկ «Արի տուն» ծրագրին 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալեցինք 1071 սփյուռքահայ պատանիների և երիտասարդների»: Ծրագրերի իրականացման ընթացքի մասին պատմող տեսանյութի դիտումից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց. «Այսօր շատ դժվար է անգամ համախմբել տարեցներին, էլ չեմ խոսում երիտասարդների մասին, ովքեր ծնվել-մեծացել են օտար երկրում և նույնիսկ չեն խոսում հայերեն: Տիկին Հակոբյանը, որպես լավ ղեկավար, կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները, հաջողությամբ իրականացնել սկսած ծրագրերը: Հավատացա՛ծ եղեք, որ մեր նախարարությունը միշտ եղել ու շարունակելու է մնալ Ձեր կողքին»: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երեխա, ով գոնե մեկ անգամ այս ծրագրերից որևէ մեկով ոտք է դնում հայրենի հողին, այլևս մնում է հայ՝ աշխարհի որ ծայրում և ինչ պայմաններում էլ ապրելիս լինի: «Անցած տարիների ընթացում հազարավոր երեխաներ են եկել Հայրենիք, և բոլորն էլ անփորձանք վերադարձել են իրենց բնակության երկրներ: Բոլոր միջոցառումներն անցել են անվտանգ ու առանց փորձությունների, քանի որ փրկարար ջոկատներն ապահովել են մասնակիցների անվտանգությունն ու որևէ մասնակից երբեք չի տուժել: Այդ հարցում մեծ դեր է խաղացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ի դեմս նախարար Արմեն Երիցյանի», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների արժանացան ծրագրերի իրականացմանն աջակից կառույցների ներկայացուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը: «Սրտացավ գործընկեր» անվանակարգում մրցանակի արժանացան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունները և ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանությունը, «Հայրենասիրական դաստիարակության ապահովում» անվանակարգում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունները, Արմավիրի և Արագածոտնի մարզպետարանները, «Հուսալի գործընկեր» անվանակարգում՝ Երևանի քաղաքապետարանը, Արարատի և Կոտայքի մարզպետարանները, «Լավագույն համայնք» անվանակարգում՝ Վեդիի, Ջրվեժի, Փարաքարի, Աշտարակի համայնքները, «Մեծաթիվ հյուրընկալում» անվանակարգում՝ Տափերական և Պռոշյան համայնքները, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Արարատի, Փոքր Վեդիի և Եղվարդի համայնքները, «Հաջողված մեկնարկ» անվանակարգում՝ Արշալույսի, Կարբիի, Ավշարի համայնքները, «Մասնակցության համար» անվանակարգում՝ Մխչյանի և Մուսալեռ համայնքները: ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրվեցին հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիրներ Լավրենտի Միրզոյանը (Էրեբունի վարչական շրջան, հյուրընկալել է 5 մասնակից), Անահիտ Առաքելյան - (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, հյուրընկալել է 4 մասնակից), Համազասպ Ստեփանյանը (Դավթաշեն վարչական շրջան, հյուրընկալել է 3 մասնակից), Արա Ստեփանյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հյուրընկալել է 3 մասնակից), Ամալյա Ավադյանը (Աջափնյակ վարչական շրջան, հյուրընկալել է 4 մասնակից): ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Երևանի քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների, «Զվարթնոց» արգելոց-թանգարանի, Գառնու հեթանոսական տաճարի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀԲԸՄ Վիրտուալ համալսարանի ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր