1208 դիտում
17:56 30-12-2014
2014թ. պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայ ժողովուրդ, պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, և ամենակարևորը' խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաև վտանգներով ու մարտահրավերներով լի 2014 թվականին:
Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:
Շարունակվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների և տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները:
Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում: Ձևավորվեցին նաև այնպիսի գեղեցիկ ավանդույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավորումների հրամանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնողների հետ և զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին:
Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պայքարի» նշանաբանով և համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառույցների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցանիշներ արձանագրել:
2014 թվականը պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին և անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի և, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացավ պատվով դուրս գալ իրավիճակից:
Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվեցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք, առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:
Ու նաև պիտի հպարտանանք այն զինվորներով ու հրամանատարներով, ովքեր հեռվում գտնվող միջազգային զորավարժարաններից զորավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտընկերներին: Հիշե՛նք միջազգային զորավարժությունների ընթացքում հայկական ստորաբաժանումների բարձր արդյունքները, հայկական անձնակազմերի հաղթական մասնակցությունը «Տանկային բիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցույթ-հավաքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նվաճած երեք ու կես տասնյակ մեդալները և Հայաստանում նմանատիպ հավաքներ անցկացնելու իրավունքի նվաճումը:
Սիրելի հայրենակիցներ,
Սկսվում է 2015 թվականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր հույսերի ու սպասումների տարի է, այլև երբևէ չսպիացող վշտի հարյուրամյա տարելիցը: Ոգեկոչելով մեր բյուրավոր նահատակների հիշատակը՝ միշտ պիտի հիշենք, որ հայրենի շեներում թե տարագրության ճամփաներին նրանք զոհվեցին անկախ Հայաստան ու հզոր բանակ երազելով: Մեր միասնականության շնորհիվ Հայոց բանակն այսօր վստահորեն պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները և այլևս թույլ չի տալու սարսափելի անցյալի կրկնությունը: Ամրապնդե՛նք այդ միասնությունը' պաշտպանելու համար Հայաստանի ազատության ու անկախության իրական պահապաններին' այս հաղթական խաղաղությունը ո՛չ թե տոնից տոն, այլ ամե՛ն օր մեզ նվիրող 18-20 տարեկան մեր զավակներին:
2014 թվականին հայոց բանակի բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցում են, թե հասարակության հետ սերտ համագործակցության և հասարակության օժանդակության դեպքում ինչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահության և ընդհանրապես զինված ուժերի պատրաստության ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համախմբմամբ զորացած հայոց բանակը անպարտելի է: Այժմ՝ բազում անելիքներով, մարտահրավերներով լի 2015 թվականի նախաշեմին, ես հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհակալությունն եմ փոխանցում մեր հասարակությանը՝ զինված ուժերի շուրջը համախմբվելու, ինչպես նաև մեզ վստահելու, հավատալու համար:
Վստահ եմ, որ տոնական այս օրերին ամանորյա եղևնիների գույնզգույն շղթաների ու լույսերի միջից դուք անընդհատ տեսնում եք նաև զինվորական համազգեստները հագին Արաքսից մինչև Տավուշ, վերաբնակեցվող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք' մարտական հենակետերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինվորների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Կոսովոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելություն իրականացնող խաղաղապահ զինծառայողների պայծառ դեմքերը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, և թող 2015-ը դառնա համազգային նվաճումների, հայրենանվեր բոլոր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացման տարի:
Աստված մեզ պահապան:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
Նմանատիպ նյութեր
3734 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
703 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
571 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
529 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին