211652_close_icon
views-count1918 դիտում article-date 08:48 15-01-2015

Ի՞նչն է սխալ «մեր մասով». Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ «մեր մասով»: Նախ՝ կարծում եմ, որ պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի է, որ հուզական մակարդակով մենք սգում ենք սպանվածների համար և կիսում ենք հարազատների ցավը, բայց երկրում սուգ հայտարարելը ոչ թե հուզական, այլ քաղաթական ակտ է, որին մասնակցում են պետական, հասարակական կառույցները, դիվանագիտական ներկայացուցիչները և այլն: Մեր իշխանությունը, բնականաբար, առանց սկանդալների և արկածախնդրության պետք է հասկացնի թե ռազմաբազայի ներկայացուցիչներին և թե մնացած գործընկերներին, որ մենք թեև բարեկամ, դաշնակից, բայց տարբեր պետություններ ենք, ռուսաստանցի զինծառայողները գտնվում են օտար երկրում և պետք է հարգեն այդ երկրի օրենքները: Մասնավորապես, Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելու պահանջները պետք է հնչեն ավելի հստակ։ Բայց խնդիրն, իհարկե, ավելի խորն է և ընկած է 200 տարվա ընթացքում ձևավորված կարծրատիպերի մեջ: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանի, հայերի պաշտպանը ռուս զինվորն է: 25 տարվա ընթացքում մենք պետք է, որ հասկանայինք, որ բացի հայ զինվորից՝ մեր երկիրը ոչ ոք չի պաշտպանի և պարտավոր էլ չի պաշտպանել: Եվ այստեղից էլ մենք պետք է հետևություն անեինք, որ ոչ մեկի առաջ վիզ ծռել և շողոքորթել պետք չի: Համազործակցել անհրաժեշտ է, բայց՝ փոխշահավետ հիմքի վրա: Եթե գործընկերդ ձև է անում, որ նա, քեզ հետ համագործակցելով, քեզ մեծ լավություն է անում, ապա նրան շատ քաղաքավարի պետբ է ասել՝ շնորհակալ ենք, եղբայր, պետք չի: Բայց եթե դու էլ ես համարում, որ քեզ լավություն են անում, ապա մի՛ զարմացիր, որ վերաբերմունքը քո նկատմամբ հարգալից չի լինի: Ինչի ականատեսն ենք հիմա»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր