211652_close_icon
views-count1107 դիտում article-date 15:04 15-01-2015

Կառավարության որոշմամբ անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին

Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները: Նիստում ընդունվել է նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական ՓԲԸ-ները վերակազմակերպելու որոշում, որը թույլ կտա պարզեցնել ֆինանսավորման և հաշվետվողականության գործող մեխանիզմները, բարձրացնել ֆինանսական կառավարման արդյունավետությունը: Նախկինում ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Կառավարության որոշմամբ բնագավառի միակ կառույցին՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների: Նիստում որոշվել է չորս տարով երկարաձգել Արարատի մարզի «Արտաշատ» մայրաքաղաք» հուշարձանի տարածքում արգելոց ստեղծելու նախկին որոշման ժամկետը՝ նկատի առնելով գործընթացի տևական և ժամանակատար բնույթը: Կառավարության մեկ այլ որոշմամբ կբարելավվեն «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանները. հնարավոր կլինի Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագիրը: Գործադիրը որոշել է Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում և Գյումրի քաղաքի «Շիրակի օդանավակայան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում բնակվող երեք ընտանիքի նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:

Նմանատիպ նյութեր