211652_close_icon
views-count1447 դիտում article-date 15:39 05-02-2015

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում. տեսանյութ

Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է» խորագրով սեմինար-քննարկում։ Ծրագիրը կազմակերպել էր «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: Մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Սեմինար-քննարկման նպատակն էր երիտասարդության շրջանում հիվանդության մասին ճիշտ ինֆորմացիայի տարածումը: Հանդիպման ընթացքում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուբով Նիկոլայանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, տուբերկուլոզի հետ կապված իրավիճակը Հայաստանում, վարակման ուղիները, հիվանդության կանխարգելման ճանապարհները, պայքարի և բուժման մեթոդներն ու արդյունավետ ձևերը և այլն: Լյուբով Նիկոլայանը նկատեց, որ տուբերկուլոզի մասին հանրության, հատկապես երիտասարդների շրջանում իրազեկման ակցիաները կարևոր են։ Հանրությունը գոնե տարրական գիտելիքներ պետք է ունենա, քանի որ տուբերկուլոզն այսօր դեռևս չի դադարել համաշխարհային խնդիր լինելուց։ Ուստի մարդիկ պետք է պատրաստ, տեղեկացված լինեն, որպեսզի հիվանդությունը շուտ հայտնաբերվի։ Շուտ հայտնաբերման դեպքում բուժումն է′լ արվելի արդյունավետ կլինի։ Տեղեկացնենք, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքել է տուբերկուլոզի բուժման նոր ծրագրին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագրին, և ունենք արձանագրված հաջողություններ։ Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը կատարվում են անվճար: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ հասարակությունը լիարժեքորեն տեղեկացված չէ հիվանդության, նրա բուժման եղանակների մասին։ Նա նաև ընդգծեց, որ հանդիպման թիրախ խումբ է ընտրվել երիտասարդությունը, քանի որ հենց նրանք են համարվում ինֆորմացիայի առաջնային կրողը և դրա տարածման կարևորագույն օղակը։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդներն այդ ինֆորմացիան ստանան հենց մասնագետից։ Սեմինարի մասնակիցներից Սեդա Սարգսյանը սովորում է Հայկական բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսում։ Տեղեկացված է տուբերկուլոզ հիվանդության վերաբերյալ։ Ուսանողուհին ընդգծում է, որ նման հանդիպումները նոր ինֆորմացիա են տալիս։ «Որքան էլ գրքերով սովորենք, ոչ ֆորմալ կրթության այս ձևի միջոցով նոր գիտելիքներ ենք ձեռք բերում»,- ասում է Սեդա Սարգսյանը։ Հանդիպման վերջում մասնագետը պատասխանեց երիտասարդների հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր