58463 դիտում
20:25 15-01-2015
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ՝ Գյումրիում. ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ. գործի են դրվել Ոստիկանության ուժերը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԼՐԱՑՎԱԾ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավիճակը Գյումրիում լարված և պայթյունավտանգ է: Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում ոստիկանության զորքերի ծառայողները, վահաններով պատ են կազմել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որից քիչ հեռու գտնվում է Ռուսաստանի հյուպատոսարանը:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետում, իսկ իրավապահները ցուցարարներին հորդորում են, որպեսզի դադարեցնեն իրենց գործողությունները, սակայն նրանք պնդում են, որ կդադարեցնեն մի դեպքում, եթե իրենց արդարացի պահանջը կատարվի. այն է՝ ռուս ժամկետային զինծառայող ստահակ ճիվաղը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահներին և նախաքննությունն ու դատաքննությունը Հայաստանում կատարելուց հետո, նա իր պատիժը պիտի կրի Հայաստանի գաղութներից մեկում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցուցարարները քարեր են նետում՝ մահակներով եւ վահաններով զինված ոստիկանների ուղղությամբ, որպեսզի մոտենան Գյումրիում տեղակայված Ռուսաստանի հյուպատոսարանի շենքին: Ոստիկանները անգամ հատուկ միջոցներ կիրառեցին, սակայն ցուցարարները չեն հանդարտվում եւ շարունակում են հայհոյանքներով եւ քարեր նետելով փորձել մոտենալ Ռուսաստանի հյուպատոսարանի շենքին: Ցուցարարները հարձակվեցին նաեւ իրենց մոտեցած ոստիկանական մեքենային եւ նույնիսկ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրեցին: Պարզվեց, որ ոստիկանական մեքենայում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, ով ցուցարարներին խնդրեց հանդարտվել եւ քարեր չնետել ոստիկանների ուղղությամբ:
Տեղում է նաեւ շտապօգնության մեքենան, որը պարբերաբար տուժած ցուցարարներին տեղափոխում է հիվանդանոց: Կրքերը չեն հանդարտվում եւ ցուցարարները շարունակում են քարեր նետել ոստիկանական պատի ուղղությամբ:
Այս պահին ցուցարարները զրուցում եւ բանակցում են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Զարուհի Փոստանջյանը ցուցարարներին համոզում է դադարեցնել հավաքը, սակայն ցուցարարները չեն համաձայնվում: ԱԺ պատգամավորը հավատացնում է, որ պատրաստվում են գնալ մարդասպանին տեսնելու: «Ասել են՝ թույլ են տալու գնանք նրան տեսնել եւ նկարել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ցուցարարները պահանջում են, որ ոճրագործությունը իրականացրած ռուս զինծառայողին Գյումրիի հրապարակում կախեն, որ գյումրեցիները «ճակտից զարգեն»: Զարուհի Փոստանջյանը հիշեցնում է, որ մարտի մեկ ենք տեսել եւ նոր արյունահեղություն պետք չէ: Սակայն ցուցարարները կրկնում են, որ անհարժեշտության դեպքում մարտի երկու կկրկնեն:
Ֆոտոլրագրողը փոխանցում է, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին հայտարարեց, որ դատախազի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր կգնան եւ կտեսնեն մարդասպանին: Նա նաեւ հավատացրեց, որ, եթե կալանավորվածներ և բերման ենթարկվածներ էլ կան՝ այդ խնդիրը կլուծվի: Ցուցարարները համաձայնության եկան եւ միասին շարժվեցին դատախազություն:
***
21:10
Հարյուրավոր ցուցարարներ շարունակում են հավաքված մնալ Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ: Տեղում են նաեւ ոստիկանները, ովքեր ոստիկանական պատ են կազմել: Տեղում է նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Իսկ ցուցարարների մեծամասնությունը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ շարժվել են Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ հասկանալու համար, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այս անգամ ինչ խոստումներ է տալիս:
***
22:04
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը արդեն Շիրակի մարզի դատախազությունում է: Հարյուրավոր ցուցարաններ Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքված սպասում են ԱԺ պատգամավորին: Ցուցարարներին խոստացել են, որ առաջիկայում նրանց տեսանյութ կտրամդրվի՝ հավատացնելու համար, որ Պերմյակովը Հայաստանում է: Նրանք նաեւ պահանջում են, որ մեղադրյալին հանձնեն հայ իրավապահներին: Մարտուն Գրիգորյանը դատախազությունում բանակցում է նաեւ, որ բերման ենթարկվածները ազատ արձակվեն:
***
22:07
ֆոտոլրագրողը հայտնում է, որ բերման ենթարկվածները 10-ն են:
***
22:15
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Շիրակի մարզի դատախազությունում անցկացվող բանակցությունները ավարտվել են: Բանակցություններից հետո ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենց թույլատրել են այցելել եւ տեսանկարահանել Վալերի Պերմյակովին: Ինչպես նաեւ փոխանցեց, որ հարց են բարձրացրել, թե քանի հոգի է հիվանդանոցում եւ արգելանքի տակ: Սակայն հարցերին հստակ պատասխան չեն տվել: Զարուհի Փոստանջյանը նաեւ փոխանցեց, որ Գեւորգ Կոստանյանը պարտավորվել է նաեւ, որ Ռուսաստանի դատախազին նամակը կգրի՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով, բայց, թե երբ՝ ժամկետներ չի նշել, պատճառաբանելով, թե իրեն հիմքեր են պետք, որը այս պահին չունի:
***
22:20
Բանակցությունները դեռ դատախազությունում շարունակվում են՝ հասկանալու համար, թե երբ են գնալու ռուս ժամկետային զինծառայող Պերմյակովին այցելելու եւ, թե երբ է Գ. Կոստանյանը իր ռուս գործընկերոջը նամակ գրելու:
***
22:32
Ֆոտոլրագրողը փոխանցում է, որ Շիրակի դատախազության մոտ հավաքված ցուցարարներին մոտեցավ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպխոս Աջապահյանը, ով իր խոսքում ասաց.«Տեսաք ժողովուրդ, ինչ եղավ: Հայը էլի հայի գլուխ ջարդեց, իսկ ռուսը՝ հանգիստ իր տեղում նստած է»,- ասաց Սրբազանը: Միաժամանակ ավելացնելով, որ դա տեղի ունցավ, որովհետեւ ցուցարարներին լսող չկար:
«Ինչ որ պռովակատորներ մունդռեցին եղանակը եւ նման բան տեղի ունեցավ: Լսեք, մենք իրար թշնամի չենք: Հիամ 14 վիրավոր կա, որից մեկի վիճակը ծանր եւ 13 բերման ենթարկված: Սա էիք ուզում: Ես ասացի, որ գլխավոր դատախազաը ամեն ինչ կանի: Բայց ցուցարարների 90 տոկոսը գնաց ջուր պղտորողների հետեւից»,- նկատեց Սրբազանը, ավելացնելով, որ պատրաստվում է գնալ դատախազի մոտ եւ միջնորդել, որ բերման ենթարկվածները ազատ արձակվեն, բայց դրա համար պետք է գնան տուն: «Մի անգամ կյանքում լսեք, երբ հոգևվոր առաջնորդը բան է ասում: Օրհնում եմ ձեզ բոլորիդ: Աստված ձեզ օրհնի: Գնացեք տուն»,- ավելացրեց Շիրակի թեմի առջնորդը, որից հետո ցուցարարները ցրվեցին:
***
22:36
Շիրակի մարզի դատախազությունում ընթացող բանակցություններից հետո ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասաց, որ խոսել է Հանրապետության ոստիկանապետի եւ դատախազի հետ: Միաժամանակ ավելացրեց, որ ձերբակալված երկու ցուցարարների շուտով ազատ կարձակեն: Մնացած բերման ենթարկվածների հարցերով եւս զբաղվելու են: Ինքը եւ ցուցարարներից Կարենը գնալու են տեսնելու, թե Պերմյակովը Հայաստանում է, թե ոչ և հնարավորության դեպքում նաեւ կտեսանկարահանեն: Հավատացրեց նաեւ, որ Գեւորգ Կոստանյանը անպայման նամակ է գրելու իր ռուս գործընկերոջը՝ Պերմյակովի գործը հայ իրվապահներին հանձնելու պահանջով: Նա նաեւ կոչ արեց համբերատար սպասել եւ սադրանքների չտրվել:
***
22:58
Չնայած Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հորդորից հետո Շիրակի դատախազության մոտից ցուցարարներից շատերը հեռացան, ցուցարարների որոշ մասը դատախազության մոտ հավաքված սպասում են, թե երբ է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը բերելու տեսաերիզը, որով կապացուցվի, որ Պերմյակովը Հայաստանում է, ինչից հետո սպասվում է նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ելույթը:
***
23:28
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փոխանցում է, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ վերադարձավ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ եւ հայտնեց, որ ինքը եւ ցուցարարներից Կարենը իրենց աչքով տեսել են Պերմյակովին: Հայտնել են, որ վիրավորված են կատարվածից և պահանջատեր: Մարտուն Գրիգորյանը ասաց, որ միայն Պերմյակովի դեմքն են տեսել: Լրագրողները հետաքրքրվեցին, թե՝ դեմքի վրա բռնության հետքեր չկային, ասաց՝ ոչ: Իսկ հարցին, թե՝ նա էր հաստատ, ասաց. «Այո, դա այդ ոչխարն էր»:
Մարտուն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նաեւ թասիբով գյումրեցիներից: Միաժամանակ ավելացրեց, որ սադրիչները գյումրեցիների արդարացի պահանջի հետ կապ չունեն:
«Սա այն հարցը չէ, որ աչք փակենք: Սա բոլորիս թասիբի հարցն է: Որպես ձեր ընկերը, հարազատը խնդրում եմ, որ հանգիստ, առանց պանիկայի՝ գնաք տուն»,- ասաց Մարտուն Գրիգորյանը: Ցուցարարները պահանջեցին նաեւ, որ դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս ելույթ ունենա: Մարտուն Գրիգորյանը մտավ դատախազության շենք՝ ցուցարարների պահանջը Գեւորգ Կոստանյանին փոխանցելու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4681 դիտում
14:34 05-05-2018
Պայթունավտանգ իրավիճակ ՇՊՀ-ում. ցուցարարները պահանջում են ՀՀԿ-ական ռեկտորի հրաժարականը. aravot.am