1621 դիտում
20:13 19-01-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված երեկույթ՝ Հունաստանում
Հունվարի 18-ին Աթենքի «Կալութա» թատերասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի կենտրոնական հանձնախումբը կազմակերպել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված երեկույթ:
Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքի կուսակցական, կրոնական, միութենական, մշակութային կառույցների ատենապետեր և ղեկավարներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հունաստանյան մասնաճյուղի, հայ-հունական բարեկամության խմբի, հայ-հունական առևտրի և արդյունաբերության պալատի ներկայացուցիչներ:
Կազմակերպիչ մարմնի կողմից բացման խոսքով հանդես եկավ օրվա բանախոս Արաքսի Աբելյան-Քոլանյանը` իր խոսքում կարևորելով միջոցառումների համահայկական և համագաղութային բնույթը, ինչն արտացոլում է հայության արդար պահանջատիրության հանձնառու և վճռական կեցվածքը:
Իր ելույթում Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերը` ընդգծելով անցկացվելիք միջոցառումների կարևորությունը քաղաքական առումով` ցեղասպանության` իրբև մարդկության դեմ ծանրագույն հանցագործության ճանաչման, դատապարտման և կանխարգելման համատեքստում: Դեսպանը ներկաներին հորդորեց գործուն մասնակցություն բերել միջոցառումների իրականացման ողջ ընթացքին:
Ելույթներով հանդես եկան ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Քերոբ Էքիզյանը և Ռամկավար ազատական կուսակցության Շրջանային վարչության ներկայացուցիչ Գալուստ Ռուստեմյանը` համապատասխան կուսակցությունների անունից համախմբման և միասնականության ուղերձ հղելով ներկաներին:
Այնուհետև Արաքսի Աբելյան-Քոլանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի կենտրոնական հանձնաժողովի նախաձեռնած միջոցառումների շարքը: Նշվեց նաև, որ ողջ տարվա ընթացքում համայնքային բոլոր կառույցներն ու միությունները հանդես կգան քարոզչական, բարեգործական, մշակութային, մարզական ու բնապահպանական տարաբնույթ նախաձեռնություններով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրությամբ մեկնարկեց երեկույթի գեղարվեստական հատվածը, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Կոմիտասի, Աշուղ Շերամի, Արամ Խաչատրյանի, Նուբար Ասլանյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից: Ժողովրդական պարեղանակների բեմադրությամբ երեկոն եզրափակեց Համազգայինի «Նաիրի» պարախումբը:
Նմանատիպ նյութեր
799 դիտում
14:56 16-12-2014
Վիեննայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված բարեգործական երեկո է կազմակերպվել
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված