211652_close_icon
views-count19751 դիտում article-date 15:28 26-01-2015

Թշնամու լեզուն բերանից պոկելու, հանելու գիտակցումով է պետք ապրել, ոչ թե մեր արարքներով նրանց բերանը լեզու դնենք. Մանվել Գրիգորյանը՝ Հայոց բանակի, Գյումրիի ոճրագործության և այլնի մասին

Սահմանին կանգնած տղաներն իրենցն անում են, բայց մենք էլ իրականությունից կտրվելու իրավունք չունենք։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայոց բանակի օրվան, Գյումրիի ոճրագործությանը եւ այլ հարցերին: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Պարո՛ն գեներալ, հունվարի 28-ին նշելու ենք Հայոց բանակի օրը: Հայաստանում այդ օրն ըստ պատշաճի՞ են նշում, թե՞ ոչ։ [/b] - Սա համազգային տոն է, օրվա կապակցությամբ հարկավոր է շնորհավորել աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ողջ հայությանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ բանակի կայացումը հենց Հայաստանի Հանրապետության կայացումն է։ Հայոց բանակը ստեղծվեց ծանրագույն պայմաններում, երբ մեր երկիրն ուներ բազում անլուծելի թվացող պրոբլեմներ։ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով Հայաստանում կային հազարավոր անօթեւան ընտանիքներ, դրան գումարվել էին այն ընտանիքները, որ մազապուրծ փրկվել էին Սումգայիթի, Բաքվի ցեղասպանությունից։ Ի հավելումն այդ ամենի՝ արցախցու արդար, ժողովրդավարական պահանջին թուրքական Ադրբեջանը պատերազմ հակադրեց։ Պատերազմում էինք՝ ունենալով այսքան խնդիրներ եւ գտնվելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Պատերազմն իրենց վրա վերցրին երկրապահ կամավորական ջոկատները, որոնց միավորման եւ համակարգված աշխատանքի համար պարտական ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Սպարապետը դարձավ ե՛ւ Երկրապահի հիմնադիրը, ե՛ւ ՀՀ առաջին պաշտպանության նախարարն ու բանակի հիմնադիրը։ Հայոց բանակը ստեղծվել է հազարավոր մեր ընկերների արյան գնով, հազարավոր վիրավոր եւ հաշմանդամ դարձածների քրտինքով, մեր սուրբ մայրերի դառը արցունքներով, բայց կայացել է, դարձել ՀՀ եւ Արցախի հայկական հանրապետությունների անվտանգության երաշխավորը։ Այնպես որ, ազգային այս մեծ տոնի կապակցությամբ ես ջերմորեն շնորհավորում եմ մեր երկրապահ ժողովրդին, շնորհավորում եմ սահմանապահ հայ զինվորին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Շնորհավորում եմ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, որ հենց սահմանին բնակվելու, արարելու փաստով երկրապահ են, սահմանապահ են, մեր Սպարապետին եւ Արցախյան ազատամարտի մնացյալ նահատակներին եմ շնորհավորում, շնորհավորում եմ հերոսներ ծնած մեր հերոս մայրերին։ Առանձնահատուկ շնորհավորանքներս Սպարապետ ծնած Գրետա մայրիկին՝ մեր մեծ մայրիկին։ Շնորհավորելով՝ ընդգծեմ, որ բանակը մեր պետության մեջ ամենակայացած կառույցներից է։ Բանակը հիմնադրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը, հետագայում կառույցը կայացավ հաջորդ նախարարների ջանքերով՝ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի։ Հենց Սերժ Սարգսյանի նախարարության ժամանակ մենք կարողացանք հաղթական հրադադար պարտադրել մեզ պատերազմ պարտադրած արյունարբու թուրքին։ [b]- Իսկ ի՞նչ վիճակում է այսօր հայկական բանակը։ [/b] - Այսօրվա նախարար Սեյրան Օհանյանը եւս Վազգեն Սպարապետի հիմնած լավագույն ավանդույթների շարունակողն է։ Մեր բանակն այսօր եւս կարողանում է ապացուցել, որ մարտունակ է, որ տարածաշրջանում առաջատար է, որ ընդունակ է իր առջեւ լուրջ առաջադրանքներ դնել եւ հաջողությամբ լուծել, հարկ եղած դեպքում կիրառել 21-րդ դարի առաջատար բանակներին բնորոշ օպերացիաներ։ Բայց ես կամենում եմ, որ ամեն մի հայ ընկալի, ըմբռնի, որ բոլորս ենք բանակը։ Սահմանն ամենքինս է։ Մեր ամբողջ ժողովուրդն է սահմանապահ։ Ամեն մի ակնթարթում մենք պետք է կարողանանք մեզ դնել սահմանին կանգնած հայ զինվորի վիճակում։ Ամեն ոք պետք է անընդհատ մտածի, որ ոչ թե իր արարքներով թշնամու բերանը լեզու դնի, այլ թշնամու լեզուն բերանից պոկի, հանի։ Բոլորս պետք է ապրենք «նախ եւ առաջ՝ սահմանի համար, նախ եւ առաջ՝ սահմանին կանգնած զինվորի համար» նշանաբանով։ Կամք եւ միասնություն է հարկավոր մեր ժողովրդին։ Հասկացեք՝ մենք պատերազմի մեջ ենք։ Ի դեպ, միշտ է այդպես եղել։ 1989-ից մինչ օրս անձամբ եմ տեսել եւ մաշկիս վրա զգացել։ Մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում՝ ամեն օր կրակոցներ են սահմանին, շարունակ զոհեր ենք տալիս, վիրավորվում են հայ քաջեր, տղաներ, որ կարողանում են հերոսաբար չեզոքացնել ոսոխի դիվերսիոն թափանցման ցանկացած փորձ։ Տղաներն իրենցն անում են, բայց մենք էլ իրականությունից կտրվելու իրավունք չունենք։ [b]- Ի՞նչ հարաբերություններ ունի ԵԿՄ-ն այսօր բանակի հետ։ [/b] - Մենք մեզ բանակից չենք առանձնացնում։ Երկրապահը բանակի ծնողն է։ Մենք ենք ստեղծել հայկական բանակը եւ մշտապես պարտավոր ենք բանակի կողքին լինել, աջակցել, ինչով հնարավոր է։ Զինվորականը՝ գեներալը, լեյտենանտը, շարքայինը նախկին չեն լինում։ Մենք շարքում ենք եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք կանգնել առաջնագծում։ Երկրապահի շարքերն այսօր բյուրեղանում են, օրեցօր ավելանում ու ավելանում են մեր կառույցին անդամագրվողները։ Եվ պատահական չէ, որ Երկրապահն այսօր եռասերունդ է։ Պատերազմի մասնակից երկրապահների կողքին այսօր ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում պատանի, երիտասարդ երկրապահները։ Մենք պատանիների համար սերժանտահրամանատարական դասընթացներ ենք անցկացնում։ Պատանիներն ու աղջիկները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում հայոց պատմություն, հայրենաճանաչության կենդանի դասեր ստանում՝ այցելելով սահմանամերձ բնակավայրեր, Արցախյան պատերազմի զոհերի պատվին հենց ռազմի դաշտում կանգնեցված հուշարձաններին։ Մեր կառույցներով անցած տղաները բանակի օրինակելի սպաներ եւ զինվորներ են դառնում։ Հայրենասիրական դաստիարակությանը նոր որակ եւ մասշտաբներ հաղորդվեց 2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ, պաշտպանության եւ կրթության նախարարությունների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Ըստ այդմ, արդեն «Պատանի երկրապահ» ակումբներ հիմնվում են հանրապետության բոլոր դպրոցներում։ [b]- Հանրային կյանքում բնական հուզումներ առաջացրեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ցավալի դեպքը, որին զոհ գնաց մի ողջ ընտանիք։ Ի՞նչ կարծիքի եք ընթացող նախաքննության վերաբերյալ։ Ամեն ինչ արվո՞ւմ է արդարադատության համար։ [/b] - Կատարվածը համազգային ողբերգություն էր, եւ ես եռասերունդ Երկրապահի անունից հանդես եկել եմ ցավակցական ուղերձով։ Հունվարի 12-ի այդ զարհուրելի դեպքից հետո միակ սփոփանքն այն էր, որ ողջ էր մնացել ընտանիքի ամենակրտսեր անդամը, սակայն, հունվարի 19-ին վերջին հույսն էլ մարեց: Վեց ամսական Սերյոժայի վախճանից հետո մեր պատանի երկրապահները հանդես եկան ցավակցական հայտարարությամբ՝ խոստանալով, որ նաեւ Սերյոժայի փոխարեն են շենացնելու հայրենիքը, նաեւ Սերյոժայի փոխարեն են ծառայելու Հայաստան պետությանն ու հայ ազգին: Երկրապահի, երկրապահ հայ ժողովրդի պահանջն է, որ համակողմանի քննություն իրականացվի, որ արդար եւ խստագույն պատիժների արժանանան բոլոր մեղավորները։ Ես կասկած չունեմ, որ ոճրագործության հետ կապ ունեցած բոլոր անձինք էլ արժանի պատիժ են ստանալու։ Բոլորն էլ իրենց արարքների համար ինչ-որ տեղ պատասխան են տալիս։ Եթե դատարանի վճռով արդար պատժի չարժանանան, Աստծո վճռով կարժանանան, ինչն առավել խիստ, բայց արդար կարող է լինել։ Վտանգավոր եւ անթույլատրելի եմ համարում կատարվածի առիթով Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքումը։ Բոլորս էլ պետք է հասկանանք, որ ոճրագործը, ճիվաղն ազգություն չունի։ Հայ-ռուսական բարեկամությունը դարերի փորձություն է անցել։ Կարծում եմ՝ կրքերի ավելորդ շիկացում չէր լինի, եթե ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը չթերանար եւ ոճրագործության փաստից անմիջապես հետո, առանց հապաղելու հանդես գար ցավակցական խոսքով, որում կատարվածի համար հայցեր հայ ազգի ներողամտությունը։ [b]- Եվ վերջին հարցը, պարո՛ն գեներալ, ԵԿՄ-ն ինչպե՞ս է պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ [/b] - 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մի օր լինելու է։ Մի օր թուրքերն էլ ընդունելու են փաստը, եւ օրակարգում դրվելու է փոխհատուցման խնդիրը։ Սակայն, մինչ այդ անհրաժեշտ է հայ ազգի միասնական եւ հետեւողական աշխատանքը։ Աշխարհը մեզ հետ հաշվի կնստի, մեր խնդիրներին հետամուտ կլինի, եթե տեսնի, որ մենք միասնական ենք եւ ուժեղ, եթե տեսնի, որ մենք վճռական ենք եւ աննահանջ։ Չկա մի հայ ընտանիք, որ ցեղասպանության ժամանակ կորուստ չի ունեցել, ուրեմն սա համազգային մեծագույն խնդիր է։ Պետք է հիշենք ազգովի, որ ապրիլի 24-ը ոչ թե ողբի, ոչ թե լաց ու կոծի, այլ վրիժառության, պայքարի, պահանջատիրության օր պետք է լինի։ Կարող եք համարել, որ ԵԿՄ-ն ցեղասպանության 100-ամյակին պատրաստվում է համազգային միասնականություն եւ համերաշխություն քարոզելով։ Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր