211652_close_icon
views-count1227 դիտում article-date 10:35 28-01-2015

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ

Հայոց Բանակի օրվա առիթով ողջունել և Հայրապետական օրհնություն է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի: Այսօր էլ հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները: Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն լինի ու զորացնի Հայոց Բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին ի սեր հայրենյաց իրենց նվիրական կոչման մեջ: Թող Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և ապահով ու բարօր կյանք պարգևի բարեպաշտ մեր ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր