211652_close_icon
views-count2633 դիտում article-date 09:17 03-02-2015

Ի՞նչ անի ՀՀ քաղաքացին, որի իրավունքները խախտվում են Արցախում. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ոստիկանությունը կարող է անհամաչափ և վայրագ գործողությունների դիմել ցանկացած վայրում՝ Հայաստանում, Արցախում կամ, ասենք, Լոս Անջելեսում: Տարբերությունն այն է, որ Լոս Անջելեսում դու կարող ես դատի տալ դեմ անհամաչափ բռնություն կիրառած ոստիկանին և մեծ շանսեր ունես հաղթելու՝ եթե իրավացի ես: Հայաստանում դու նույնպես կարող ես դիմել դատարան և բողորել իրավապահից, սակայն գրեթե ոչ մի շանս չունես հաղթելու: (Վերջին ցայտուն օրինակը «Ա1 +»-ի լրագրողի հանդեպ կատարված ակնհայտ բռնությունն էր): Արցախում դու, որքան հասկանում եմ, այս հարցով դատարան դիմելու հնարավորություն էլ չունես: Իսկ թե ի՞նչ պիտի անի Հայաստանի քաղաքացին, որի իրավունքները խախտվում են Արցախում, ընդհանրապես պարզ չէ: Խնդիրը ես տեսնում եմ հենց այդ՝ իրավական հարթության մեջ: Ովքե՞ր էին այն մարդիկ, ովքեր դաժանաբար հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի» և նրա համակիրների ավտոշարասյան վրա: Եթե ոստիկաններ էին, ապա ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում: Ովքե՞ր էին բլուրների վրա կանգնած դիմակավորված և զինված անձինք, որոնք օդ էին կրպկում: Այդ տեղեկատվությունը պաշտոնապես ստանալը շատ դժվար է, էլ ուր մնաց՝ դատական, ատյաններին դիմելը: Հավանաբար ՀՀ և ԼՂՀ համապատասխան մարմինները պետք է ունենան ինչ-որ փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարաբերությունները»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր