211652_close_icon
views-count804 դիտում article-date 18:24 10-02-2015

Դեսպան Սահակյանը դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում

Փետրվարի 10-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Աստանայում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև «Հարավային Կովկաս․ պատմություն և արդի մարտահրավերներ» թեմայով: Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների էթնոգենեզի հարցերին, ազգային-պետական կազմավորումների, արտաքին նվաճողների դեմ պայքարի, քաղաքական կողմնորոշումների պատմությանը, ինչպես և նորանկախ պետությունների առջև ծագած արդի մարտահրավերներին։ Նա լուսաբանեց Հարավային Կովկասում պահպանվող հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության էությունը, ծագումը և դրա քաղաքական կարգավորման ուղիները։ Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը՝ դեսպանն ընդգծեց պատմական հիշողության պահպանման նշանակությունը և Հայաստանի հանձնառությունը նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության հավաքական ջանքերին: Դասախոսության ավարտին դեսպան Սահակյանը պատասխանեց ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումներին:

Նմանատիպ նյութեր