211652_close_icon
views-count2141 դիտում article-date 22:50 18-02-2015

Հոբելյանական երեկո Թբիլիսիում` նվիրված Անահիտ Բոստանջյանին

Թբիլիսիում Գրողների տանը կայացավ ճանաչված բանաստեղծ, թարգմանչուհի, ժամանակակից հայ գրական անդաստանում իր ուրույն տեղը հաստատած, արձակ և չափածո գործերի հեղինակ Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 և գրական գործունեության 40–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Գեղեցիկ դահլիճում հավաքվել էին վրաց գրականության ճանաչված դեմքեր, Անահիտ Բոստանջյանի ստեղծագործությունների և թարգմանությունների երկրպագուներ և գնահատողներ, երկու ժողովրդի բարեկամության նվիրյալներ և ջատագովներ: Երեկոն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հոբելյանական երեկոն բացեց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին՝ այն որակավորելով սիրո և ժողովուրդների բարեկամության տոնահանդես: Ընթերցվեց Անահիտ Բոստանջյանին հղած Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը: Բարձրաձայնվեցին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Իա Մաքացարիայի շնորհավորական ուղերձները: 40 գրքերի հեղինակ, նաև լրագրող, հրապարակախոս, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանին հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու, խորացնելու և զարգացնելու գործում նվիրական աշխատանքի համար երախտիքի խոսքեր ասացին:

Նմանատիպ նյութեր