211652_close_icon
views-count1021 դիտում article-date 16:27 19-02-2015

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին

Փետրվարի 19-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում: Այն անցկացվեց Հայաստանի բուհերի աշխատակազմի համար փետրվարի 17-19-ը Երևանում կազմակերպվող եռօրյա ուսուցողական դասընթացների վերջին օրը: ԵՄ երեք փորձագետների մասնակցությամբ դասընթացի թեման էր ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների և կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ և ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեցիների կողմից և այլն, ինչպես նաև կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը: Դասընթացին մասնակցեց շուրջ 30 մասնագետ Երևանի 12 համալսարաններից: Ծրագրի համընդհանուր նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողները, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը: «Այս ծրագիրը ևս մեկ քայլ է ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդելու համար: Այն աջակցում է Հայաստանում կրթական բարեփոխումներին, որոնք ընթանում են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում: Կրթության հարցերը միշտ դիտարկվել են որպես հանգուցային առաջնորդող խթաններ զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար: Սա ևս մեկ հնարավորություն է մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելու աշխատաշուկայի պահանջներին: Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին կրթական բարեփոխումների ճանապարհին և կիսել մեր փորձառությունը»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը: ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ ծրագրից ակնկալվող արդյունքներին. «Այս ծրագիրը հնարավորություն կտա սահուն կերպով ինտեգրվել եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները: Մենք ներգրավվել ենք բազմաթիվ հմուտ մասնագետների և՛ գերմանական, և՛ ֆիննական կողմից և փորձելու ենք գտնել նորագույն լուծումներ»: Առաջիկա ամիսներին վերոնշյալ խորագրով դասընթացներ կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում. նախատեսվում է բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ աշխատակազմերի՝ ուսումնառության վերջնարդյունքներով զբաղվող ավելի քան 90 ներկայացուցչի մասնակցություն: Այս դասընթացները Բոլոնիայի սկզբունքներին համահունչ ՀՀ նոր օրենսդրության մշակման գործընթացի մի մասն են: Ամբողջական հոդվածը նամակին կից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. «Փաբլիսիս հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու Լուսինե Սաֆարյանին հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 53 74 41, բջջ.` (055) 00 37 27

Նմանատիպ նյութեր