Արարատում պատրաստ են գյուղատնտեսական տարվա մեկնարկին
Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու այդ աշխատանքների արդյունավետության համար կարևորել հրատապ ծրագրեր ձեռնարկելու և իրականացնելու տրամաբանությամբ կառուցվող գործելաոճը: Մարզի ղեկավարը համայնքապետերին առաջարկել է հստակ ներկայացնել իրենց համայնքների ոռոգման համակարգերում առկա խնդիրները և միաժամանակ շեշտել, որ առաջարկվող ծրագրերն ու նախագծերը լինեն իրատեսական:
Անդրադառնալով գարնան նախապատրաստական աշխատանքներին` ՋՕԸ-երի տնօրենները մարզպետին հավաստիացրել են, որ պատրաստ են գյուղատնտեսական տարվա մեկնարկին:
ՋՕԸ-երի տնօրենների զեկույցներից հետո Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, որից հետո մարզի ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին:
Խորհրդակցության վերջում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ընդգծել է, որ բոլոր շահագրգիռ կողմերն, ըստ իրենց իրավասությունների, պետք է ստեղծեն անհրաժեշտ նախադրյալներ, որպեսզի հողօգտագործողը ձգտի ոչ միայն ավելացնել իր կողմից մշակվող հողատարածքները, այլև առատ բերք ստանա: