211652_close_icon
views-count1539 դիտում article-date 13:04 20-02-2015

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 27 տարի առաջ` այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով: Դարեր շարունակ առանց պետականության գոյատեւած եւ այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը եւ ոտքի ելնել` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները: Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում եւ որի դեմն առնել այլեւս անհնարին էր: Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին` դարեր ի վեր երազած հաղթանակներ: Այսօր մենք բոլորս` յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռք բերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար: Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, եւ մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին` միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած եւ հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ` ի բարօրություն հերոսական Արցախի եւ մեր ժողովրդի: ք. Ստեփանակերտ, 20 փետրվարի 2015թ».

Նմանատիպ նյութեր