211652_close_icon
views-count1086 դիտում article-date 16:49 20-02-2015

Չեխիայում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը: Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները: ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր