211652_close_icon
views-count911 դիտում article-date 17:33 20-02-2015

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ: Աշխատանքային ճաշի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը կարևորել է ավանդական դարձած այսպիսի անմիջական շփումներն ու մտքերի փոխանակումը: Նախագահն իր ներածական խոսքում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերակատարությունը և ներուժը Եվրոպական անվտանգության պահպանման, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԱՀԿ-ն մնում է որպես համաեվրոպական կարևոր հարթակ մարդու իրավունքների, ռազմաքաղաքական և տնտեսական-բնապահպանական հարթություններում առկա խնդիրների բարձրաձայնման ու քննարկման համար: Այս համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ: Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա ընթացքում կայացած բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանն սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացման հեռանկարին, ինչպես նաև Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նմանատիպ նյութեր