4874 դիտում
16:29 21-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ. ֆոտոշարք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:
Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ 2005թ. հիմնադրված և 2011թ-ից ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ն 2011-2014թթ. կառուցել և շահագործման է հանձնել 11.0 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատուն, որոնցում արտադրում է հիմնականում վարունգ և լոլիկ: Ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.2 մլրդ դրամի ներդրումներ:
Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել ևս 10.0 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են ջերմատան կոնստրուկցիաներ՝ շուրջ 2.8 մլրդ դրամ արժողությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7.0 մլրդ դրամ: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ընկերության ջերմատները հագեցված են նորագույն եվրոպական սարքավորումներով՝ հիմնականում ներմուծված Հոլանդիայից: Արտադրության բոլոր փուլերը` ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից:
Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, մինչ այժմ կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտ ամսից նախատեսվում է շեշտը դնել նաև արտահանման վրա. բանակցություններ են վարվում ԵՏՄ անդամ երկրների խոշոր գնորդների հետ, արդեն իսկ կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա:
Ընկերությունում աշխատում է 80-130 մարդ (պայմանավորված աշխատանքի սեզոնայնությամբ), ամսական միջին աշխատավարձը շուրջ 100 հազ. դրամ է: Վերոնշյալ ծրագրերի իրականացման դեպքում ընկերությունը կունենա առնվազն 400 աշխատակից:
Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2366 դիտում
18:14 20-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
3279 դիտում
19:35 21-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի մարզ. լուսանկարներ