211652_close_icon
views-count991 դիտում article-date 14:28 08-03-2015

Կանանց կոչմանց մեջ վեհագույնը մայրությունն է. Ամենայն հայոց կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով: Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ: Արդարև, կանանց կոչմանց մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի: Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը: Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով: Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ»:

Նմանատիպ նյութեր