Հայրիկյանը հասել է իր նպատակին. էպոսագետի գույքն ու տունը արգելանքի տակ է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, կարելի է ասել, հասել է իր նպատակին: Նա 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար: Եւ այսօր էպոսագետ Վարդան Սեդրակյանի գույքն ու տունը արգելանքի տակ է:
Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի բուժման համար էլ ՀՀ Կառավարությունը տրամադրեց 20.5 մլն դրամ, որով ԱԻՄ առաջնորդը եվրոպական կլինիկաներից մեկում հոգաց իր առողջական խնդիրները: Սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է, որ իր առոջությանը վնաս հասցրած դատապարտյալներին պետք է դատի տա եւ գումար պահանջի: Եւ այդպես 2014թ. փետրվարի 27-ին նա հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վարդան Սեդրակյանից և մյուսներից պահանջելով բռնագանձել վնասի փոխհատուցում` 42 միլիոն 524 հազար դրամ:
Արդյունքում՝ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո այս գործով դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց Վարդան Սեդրակյանից և մյուս դատապարտյալներից բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Թերթի հետ զրույցում էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզան Սեդրակյանը, հայտնել է, որ բողոքարկելու է այս վճիռը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։