1190 դիտում
15:45 12-03-2015
Դեսպան Մնացականյանը Բան Կի-Մունին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը
Մարտի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը:
Ողջունելով դեսպան Մնացականյանին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը Գլխավոր քարտուղարին փոխանցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր գնահատեց ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց:
Զոհրաբ Մնացականյանը Բան Կի-Մունին տեղեկացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում ս/թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը վերահաստատեց ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Դեսպան Մնացականյանի կողմից ընդգծվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկները: Դեսպան Մնացականյանը մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ եղավ հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը և դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին:
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
20:26 29-01-2015
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
2221 դիտում
13:57 30-01-2015
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
1268 դիտում
18:26 17-04-2015
Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված