211652_close_icon
views-count1306 դիտում article-date 11:55 17-03-2015

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին. քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի մսի կանադական արտադրողների ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն: Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը և ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար և իրատեսական է գնահատել: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսանկյունից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել կանադացի ներդրողների համար», - նշել է նախարարը: Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը մասնավորապես նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և պտղատու այգիների ստեղծումը: Նախարարը նաև հնարավոր է համարել անասնաբուծության ոլորտում համատեղ ֆերմաների հիմնումը, ինչը ոչ միայն կնպաստի հայկական շուկայում խոզի մսի պահանջարկի բավարարմանը, այլև այդ արտադրանքի դեպի ռուսական շուկա արտահանմանը: Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը և ըստ այդմ մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր: Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-կանադական փոխգործակցության խորացման և զարգացման հարցում: Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը: Ի պատասխան նախարարի առաջարկին, դեսպան Ջոն Քյուրը հայտնել է, որ կդիմի Կանադայի գյուղատնտեսության նախարարությանը` համապատասխան աշխատանքային խումբ Հայաստան գործուղելու և համագործակցության հեռանկարային ուղղությունները ճշգրտելու նպատակով:

Նմանատիպ նյութեր