211652_close_icon
views-count1801 դիտում article-date 16:06 23-03-2015

Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու և կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն: Խնդրի հետ կապված, քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է սահմանվել նաև մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ արդեն շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը կարգավորվել է, և մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ: «Սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով դպրոցներում գարնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին, ինչը որոշակիորեն լուծեց հարցը: Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա գիտեք, որ այս հաստատություններն արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության մեկամսյա ակցիայի շրջանակում նախորդ երկու շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել մայրաքաղաքում հաշվառված 14146 կին: Զեկուցվել է նաև, որ տեղում համապատասխան հետազոտություններ է անցել 10501 հոգի, 76 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, իսկ ստացիոնար բուժման ուղեգրված 2085 կանանցից 182-ն արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել բոլոր բուժհաստատություններում՝ բացառելու մատուցվող ծառայություններից քաղաքացիների հնարավոր դժգոհությունները: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ոլորտում իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք, իսկ 1 հասցեում կատարվել են քանդման աշխատանքներ: Շատրվանների գործարկման ընթացքի վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կատարվում են ջրավազանների ընթացիկ նորոգման և ներկման աշխատանքներ: «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, իսկ 5-ժամյա դադարը կլինի գիշերային ժամերին: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը: «Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես մեծ ձեռքբերում է մայրաքաղաքի համար, և ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները գովելի են: Եվ համոզված ենք, որ «Երևանը ջուրը», համաձայն ստանձնած պարտավորության, սահմանված ժամկետում կապահովի մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարումը: Ի դեպ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերության աշխատակազմին և տնօրինությանը՝ քաղաքային նշանակության այլ աշխատանքների իրականացման հարցում ցուցաբերվող պատրաստակամության համար ևս ու մասնավորապես Ծիծեռնակաբերդի տարածքում 20 ցայտաղբյուրների տեղադրման և սանհանգույցների կառուցման համար: Նման աշխատանքը պե՛տք է անպայման գնահատվի և պարբերաբար ներկայացվի հանրությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 71 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի ակտիվացնել այս ուղղությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքները՝ հատկանշելով, որ արդյունքները որոշ չափով արդեն նկատելի են դառնում: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ ամենօրյա սանմաքրման աշխատանքները: Նշվել է նաև, որ նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են տարվել 65 հասցեներում: Մայրաքաղաքի կանաչապատման 2015 թվականի աշխատանքների հետ կապված բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են հողի փխրեցման, սիզամարգերի ցանքսի նախապատրաստական աշխատանքները: Ծաղկապատման նպատակով ներկրվել է ծաղիկների հերթական խմբաքանակը՝ 1 մլն 100 հազար ծաղկասածիլ: Զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը: Նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում:

Նմանատիպ նյութեր