211652_close_icon
views-count2199 դիտում article-date 18:34 25-03-2015

Ավարտվել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդիթեր Շաբոյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Մասնավորապես` Վ. Շաբոյանը 2014թ. հուլիսի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. մայիսի 08-ին գողություն կատարելու կասկածանքով Հ. Շամամյանին ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո՝ ժամը 08:00-ին, հիշյալ բաժնի երկու աշխատակիցներն իր կամքին հակառակ բաժին են ուղեկցել նաև իրեն, որտեղ ապօրինի պահվել է մինչև ժամը 19:00-ն: Բաժնում գտնվելու ընթացքում՝ ժամը 13:00-ի սահմաններում, իբր, լսել է ոստիկանության աշխատակիցների կողմից Հ. Շամամյանի հասցեին հնչեցվող հայհոյանքների և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ: Հակառակ Վ. Շաբոյանի հաղորդման, նախաքննությամբ հիմնավորվել է վերջինիս կողմից գիտակցաբար կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը. նախ՝ Համլետ Շամամյանը նշված օրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ոչ թե ժամը 08:00-ին, այլ 17:30-ին, իսկ Վարդիթեր Շաբոյանը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, հետևաբար ժամը 13:00-ին Հ. Շամամյանի նկատմամբ բռնության ձայներ և հայհոյանքներ լսելու վերաբերյալ նրա պնդումները սուտ են: Բացի այդ, Վ. Շամամյանը հիշյալ օրը՝ ժամը 18:00-ին, գտնվել է բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, իսկ Հ. Շամամյանը ձերբակալվել է քննչական բաժանմունքի քննիչի աշխատասենյակում, որոնք իրարից էական հեռու են, և տեղակայված են տարբեր մասնաշենքերում, հետևաբար այդ ձայները նրա համար լսելի չէին կարող լինել: Միաժամանակ, նախաքննության ընթացքում վկաների ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլ անհերքելի ապացույցներով հաստատվել է Վ. Շաբոյանին բաժնում տևական ժամանակ՝ ժամը 08:00-ից մինչև 19:00-ն պահելու հանգամանքը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր