211652_close_icon
views-count41331 դիտում article-date 12:13 29-03-2015

ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր գործընկերոջը. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Մ. Հակոբյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաեւ Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը` Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը այդ պահին եղել է իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով եւ կայանել է ավտոմեքենան ու փորձել է խոտանված անվադողը փոխել: Այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարեւոր գործերով քննիչ Բենիկ Սարգսյանը, ով նույն մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի հանձնարարականով փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Մինչ քննիչը եւ Ոստիկանության Ապարանի բաժնի փորձագետը դեպքի վայրում գործողություններ էին կատարում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ վրաերթը կատարվել է Wolksvagen Vento մակնիշի ավտոմեքենայով: ՃՈ աշխատակիցները կարճ ժամանակում պարզում են համարանիշները եւ հրամանատար Ա. Կարապետյանի, դասակի հրամանատար Ա. Պողոսյանի եւ ավագ տեսուչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ պարզում են վրաերթ կատարածի ինքնությունը եւ բացատրական աշխատանքների արդյունքում վրաերթի ենթարկող-կասկածյալ՝ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 36-ամյա Հարություն Գրիգորյանին տեղափոխում են Ապարանի Ոստիկանություն: Հայտնաբերվում է նաեւ նրա վարած Wolksvagen Vento մակնիշի 34 ԼՍ 194 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին վրաերթի հետքերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի հետեւանքով մահացածն ու վրաերթ կատարողը գործընկերներ են: Մահացած Մ. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ, իսկ Հ. Գրիգորյանը` կրտսեր սերժանտի կոչումով` որպես ջոկի հրամանատար: Մահացածն ունի 2, իսկ վրաերթ կատարողը՝ 3 անչափահաս երեխա: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր