1519 դիտում
22:36 16-04-2015
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրեաների խորհրդանշական քայլն անխուսափելի է. իսրայելական պարբերական
Haaretz իսրայելական պարբերականը հրապարակել է լրագրող Անշել Փֆեֆերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հոդվածը, Ֆրանցիսկոս Պապի ուղերձի, Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի, ինչպես նաև կիրակնօրյա պատարագին թուրք քաղաքական գործիչների արձագանքի մասին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
Խորհրդային Միության կազմից դուրս գալուց (1991թ.) հետո և առ այսօր Հայաստանը երբեք չէր արժանացել այնպիսի համաշխարհային ուշադրության, ինչպես վերջին հանգստյան օրերի ընթացքում էր:
Հայտնի Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր երկրպագուներին ներկայացել է որպես աշխարհի ամենահայտնի հայը: Իր երաժիշտ ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ նա Երևան էր ժամանել անձնական այցով՝ իր հոր երկիրը տեսնելու նպատակով: Ժամանակը, իհարկե, պատահական չէր ընտրված:
Ողբերգության 100-րդ տարելիցից 2 շաբաթ առաջ հարազատներով շրջապատված՝ Քարդաշյանը հուզիչ այցով ուղևորվել էր Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և թանգարան: Twitter-ում Քարդաշյանի 31 մլն ընթերցողները ականատես են եղել՝ ինչպես է Քիմը ծաղիկներ դնում անմար կրակի մոտ: Ցեղասպանության ճանաչման համար այդ լուսանկարն ավելին է արել, քան տասնամյակներ տևող լոբբինգը:
Սակայն սա դեռ ամենը չէր, ինչ տեղի էր ունեցել հայերի հետ կիրակի օրը:
Վատիկանում պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը՝ կանգնած Հայ ուղղափառ եկեղեցու առաջնորդների և նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, ասել է, որ հայոց այդ ողբերգությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:
Ֆրանցիսկոսը, իհարկե, հայտնի է յուրովի (չնայած, որ Twitter-ում ունի ընդամենը 5.9 մլն ընթերցող): Բայց նա էլ, իր հերքին, պետության ղեկավար է և Քրիստոսի ներկայացուցիչը: Կիրակնօրյա պատարագը թուրքական կառավարության կողմից արժանացել է ինտենսիվ դիվանագիտական ճնշման, ինչը, սակայն, ապարդյուն էր:
Աստծո ներկայացուցչի ու սեռական կյանքը տեսագրած և համացանցի շնորհիվ հայտնի դարձած կնոջ շնորհիվ ի չիք են դարձել Թուրքիայի ժխտողական երկարատև քաղաքականությունն ու այլ երկրներին Ցեղասպանությունը չընդունելու համոզումները:
Քանի որ Թուրքիան արդեն արգելափակել էր YouTube և Twitter սոցիալական կայքերը, Քարդաշյանն այս դեպքում շատ բան չէ, որ կարող է անել, այլ հարց է Հռոմի Պապը: Վատիկանում Թուրքիայի դեսպանն անմիջապես հետ է կանչվել երկիր, իսկ Ֆրանցիսկոսը մեղադրվել է «նախապաշարմունքի մեջ»:
Վատիկանի ներկայացուցիչները լրագրողներին հաղորդել են, որ Պապը ներկայիս Թուրքիայի դեմ ոչինչ չունի. նրա հայտարարությունն ուղղված էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և քրիստոնյաների հետապնդումների դեմ:
Երկուշաբթի Անկարայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը մեղադրել է Ֆրանցիսկոսին և ասել, որ հայկական սփյուռքը «վերահսկում էր արգենտինական ԶԼՄ-ներն ու բիզնեսը»: Բոզկիրը նաև ասել է, որ «Արգենտինան գրկաբաց էր ընդունել հրեական Հոլոքոսթն իրականացնող նացիստական դահիճներին»: Մինչդեռ Ֆրանցիսկոսն այդ ժամանակ դեռ երեխա էր և պատկերացում չուներ տեղի ունեցող իրադարձություններից:
Թուրքական կառավարությունը չխուսափեց նման արտահայտություններ կիրառելուց: Անցյալ տարվա հուլիսին՝ Գազայի հակամարտության ամենաթեժ պահին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իսրայելցիները «գիշերուզօր անիծում էին Հիտլերին: Սակայն այժմ նրանց բարբարոսությունը գերազանցել է նույնիսկ նացիստների ղեկավարին»: Էրդողանն ու այլ թուրք քաղաքական գործիչները պարբերաբար ակնարկում են, որ հրեաները վերահսկում են համաշխարհային լրատվամիջոցներն ու ֆինանսական համակարգը, նույն կերպ էր արտահայտվել նախարար Բոզկիրը Արգենտինայում հայկական համայնքի մասին:
Սա առաջին դեպքը չէ, որ Հոլոքոսթը ներառում են Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճերին: Տասնամյակներ շարունակ հայերը փորձել են Ցեղասպանության ճանաչում ստանալ Իսրայելից և հրեական համայնքներից: Հայոց ազգային ողբերգությունը ճանաչելու հրեաների խորհրդանշական քայլն անխուսափելի է:
Իսրայելը, սակայն, վճռականորեն հրաժարվում է միանալ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների փոքր, սակայն աճող խմբին: Տարիներ շարունակ այդ արվում էր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հանդեպ ազգային հպարտության պատճառով:
Վերջին տարիներին Էրդողանի կառավարության հետ կապերը զգալիորեն վատացել են, և Թուրքիան ներկայանում է որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև արևմուտքի հուսալի դաշնակից, սակայն Իսրայելի քաղաքականությունն անփոփոխ է: Երուսաղեմը Բաքվի տեսքով նոր ընկեր ունի. Ադրբեջանը Իսրայելի նավթի մեծ մասի մատակարարն է, Իսրայելի ռազմամթերքի գնորդն ու հակաիրանական կոալիցիայի դաշնակիցը:
Իսրայելի ներկայիս դիրքորոշումը հեգնական է, հաշվի առնելով, որ մի անգամ հրեաներն արդեն արձանագրել են Հայոց ցեղասպանությունը: Իրավաբան և Հոլոքոսթի փախստական Ռաֆայել Լեմկինը հորինել էր «ցեղասպանություն» եզրը՝ առաջին անգամ այն կիրառելով հայկական ողբերգությունը նկարագրելիս: Սակայն Իսրայելի աշխարհաքաղաքական պահանջներն առավել կարևոր են, քան պատմության ճանաչումը:
armeniangenocide100.org
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
12:38 13-05-2014
Թուրքական մամուլը սևեռվել է Օլանդի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի վրա. Ermenihaber.am
1127 դիտում
13:06 16-04-2015
Ապրիլի 25-ին Բեռլինում կանցկացվի բողոքի ցույց և երթ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով
2701 դիտում
09:16 22-04-2015
Թուրքիայի նախագահին զիջելն ազգային ամոթ է. Օբաման այս տարի ևս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
850 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
616 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
688 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար