211652_close_icon
views-count1695 դիտում article-date 23:04 16-04-2015

Լրագրողներին ներկայացվեց այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքը

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց 2015 թվականի առաջին երեք ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը: 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Արդյունքում՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 665 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 95 դեպքով նվազել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը: Առանձին ուղղություններով նվազել են գողությունների, ավազակության, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: Միաժամանակ՝ աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անցած երեք ամիսներին հայտնաբերվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 193 դեպք, առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 270 միավոր հրազեն: Հրազենի գործադրմամբ հանցագործությունների աճին զուգահեռ՝ աճել է նաեւ դրանց բացահայտման արդյունավետությունը: Իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ՝ նվազել է ինչպես անչափահասների, այնպես էլ նախկինում դատապարտվածների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Անցած երեք ամիսներին հայտնաբերվել է 372 հետախուզվող: Հանդիպման ավարտին Հունան Պողոսյանը պատասխանեց լրագրողներին հարցերին:

Նմանատիպ նյութեր