211652_close_icon
views-count1367 դիտում article-date 15:24 17-04-2015

Թուրքիայի քրդամետ կուսակցության ղեկավարը քննադատել է Թուրքիայի մերժողական քաղաքականությունը

Թուրքական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությանն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, քննադատել է Թուրքիայի ղեկավարության արձագանքները` դրանք համարելով երեխայական, իսկ Թուրքիայի ղեկավարներին` մանկապարտեզի սաներ: Հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը: Մասնավորապես, ապրիլի 16-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Դեմիրթաշը անիմաստ է համարել թուրքական իշխանությունների կողմից Պապի հայտարարությանը և ԵՄ խորհրդարանի բանաձևին տրված արձագանքները` նշելով. «Կառավարությունը պետք է նախ ուսումնասիրի անցյալում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ճշմարիտ պատկերը և անցյալի հետ առերեսվելու խնդիրը: Այժմ Հռոմի պապը մի բան ասում է՝ միանգամից երեխայի նման հակադարձում են, Եվրախորհրդարանը որոշում է կայացնում՝ կրկին երեխայի նման հակադարձում են: Կարելի է կարծել, թե մանկապարտեզ է. երկիրը կառավարելու փոխարեն մանկապարտեզի երեխային հատուկ բնազդներ են արտահայտում: Մարդ դժվարանում է հասկանալ այդ ամենը: Դրա փոխարեն թող հասարակությանը բացատրեն՝ ինչպե՞ս պետք է հարցին նայել, հայկական իրականությանը ինչպե՞ս պետք է առերեսվել: Քանի որ այդ խնդիրը Թուրքիայում դեռևս չքննարկված և պետականորեն բացահայտված խնդիր է: Նման քայլեր անելու փոխարեն, եթե Թուրքիայի իշխանությունները հասկանան, թե ինչպես կարելի է ռացիոնալ քայլերով Թուրքիայում Հայկական հարցին վերաբերվել, իչպես է պետք քննարկել առերեսման հարցը, շատ ավելի լավ կլինի: Պատասխանատվությունը նրանք են կրում, չեն կարող հարցը հակառակ կողմ շրջել: Ասելով, որ Պապին չենք ճանաչում, Եվրախորհրդարանը չենք ճանաչում, աշխարհում ոչ մի ուժ չենք ճանաչում՝ մենք երբեք այս խնդրին չենք կարող առերեսվել: Նախագահի, վարչապետի և արտգործնախարարի պահվածքն ըստ իս երեխայական պահվածք է»: [url=http://armeniangenocide100.org/pro-kurdish-party-leader-criticizes-turkeys-denialist-policy/]armeniangenocide100.org[/url]

Նմանատիպ նյութեր