35615 դիտում
23:37 18-04-2015
Երևանում գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ի վարորդը՝ ավտովթարի և մահվան ելքով վրաերթի հեղինակ. դեպքի վայր է ժամանել Երևանի քննչական վարչության պետի տեղակալը. Porsche-ի մեջ հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22.20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Երևան Սիթիի հարևանությամբ Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Nissan մակնիշի 901 LP 61 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթար վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Porsche-ի վարորդն այնուհետև առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ըստ հավաքվածների պատմածի Porsche-ի վարորդին տեղափոխել են ոստիկանություն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները Porsche Cayenne-ի մեջ՝ բացված վիճակում գտնվող «բարդաչոկում» հայտնաբերեցին հրազեն, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվեց:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+