211652_close_icon
views-count864 դիտում article-date 12:39 24-04-2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ապրիլի 23-ին և 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Լի Թաֆանելին նշել է, որ հաշվի առնելով ԱՄՆ Կանզաս նահանգի կողմից Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը, Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը և հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ պարոն Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օր: ՀՀ պաշտպանության նախարարը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և այդ համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը ՀՀ պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

Նմանատիպ նյութեր