211652_close_icon
views-count773 դիտում article-date 20:04 24-04-2015

Վարչապետն ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարևորել է Լիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է երկու ժողովուրդների դարավոր ու ամուր բարեկամության մասին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը և շնորհակալություն հայտնել լիբանանահայերի նկատմամբ երկրի իշխանությունների ջերմ վերաբերմունքի համար: Լիբանանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի վարչապետին փոխանցել Լիբանանի վարչապետի ողջույնները: Ջեբրան Բասիլը նշել է, որ իր երկրի համար պատիվ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ բարեկամ հայ ժողովրդին զորակցելու և անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով: Նախարար Բասիլը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը հետագա ցեղասպանությունները կանխելու գործում և ընդգծել, որ այդ պայքարում Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է, որպեսզի նման սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն: Պարոն Բասիլն առանձնահատուկ ընդգծել է լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Իր հերթին Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը տեղեկացրել է, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։ 

Նմանատիպ նյութեր