211652_close_icon
views-count1802 դիտում article-date 16:40 27-04-2015

Ռազմական խորհրդի նիստ` Արցախում. համառոտ ներկայացվել են առաջնագծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները

Ապրիլի 24-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները և, ըստ այդմ, կարևորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, մինչև աշխատակարգով նախատեսված զեկույցներին և ելույթներին անցնելը, բանակի հրամանատարն իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական և նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների և քաղաքացիական անձանց, և վերջիններիս հանձնել խրախուսական պարգևներ: Այնուհետև մարտական հերթապահության պատրաստման և իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը և դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը: Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր և զորամասերի հրամանատարներ: Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու և երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Նմանատիպ նյութեր