42836 դիտում
14:15 30-04-2015
Արարատի մարզում 2 երիտասարդ աղջիկներին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանների և քննիչների ուժեղացված հսկողությամբ տեղափոխեցին դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչների հետ քիչ առաջ Դեղձուտ-Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխեցին Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 25-ամյա Նորայր Գասպարյանին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշմամբ նշված վայրում տեղի ունեցավ քննչական փորձարարություն, որի ժամանակ Ն. Գասպարյանը, ով կասկածվում է ապրիլի 28-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհիներ, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանին և 31-ամյա Մարինե Աբրահամյանին իր վարած Գազ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ավագ քննիչ Ն. Այվազյանին մատնացույց էր անում և պատմում էր դեպքի հանգամանքները, թե որտեղ է հարվածել վրաերթի ենթարկվածներին, հետո՝ որտեղ է հայտնաբերել նրանց և ինչ վիճակում, այնուհետև ճանապարհի որ հատվածում է թողել ավտոմեքենան, որտեղ է գնացել վրաերթից հետո:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքից անմիջապես հետո Ն. Գասպարյանի պատմելով՝ ինքը վախեցել է մահացածների հարազատների հաշվեհարդարից, դրա համար էլ հեռացել է դեպքի վայրից, սակայն մինչ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և մարզի քննչական վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ էին ստացել և մի քանի խմբեր արդեն մեկնել էին նրա բնակության վայրը, զրուցել անգամ գյուղապետի հետ, որից հետո հասկանալով, որ չի կարող խուսափել պատասխանատվությունից, ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Ավագ քննիչ Ն. Այվազյանի որոշմամբ նա ձերբակալվել է և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննիչն այսօր դիմելու է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրի:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/28/51158/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 28-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ - Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի
Վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել էր, իսկ մյուս հետիոտնը՝ 31-ամյա Մարինե Աբրահամյանը, մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+