23456 դիտում
11:03 02-05-2015
Արարատի մարզում 2 երիտասարդ աղջիկներին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանը միջնորդությամբ դիմել է Արարատի և Վայոց Ձորի շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 25-ամյա Նորայր Գասպարյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչ Ն. Այվազյանի միջնորդությունը, և Նորայր Գասպարյանը, ով կասկածվում է 2 երիտասարդ աղջիկների մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ, վերցվեց կալանքի: Նրան դատարանից տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ի դեպ, վթարի ենթարկված աղջիկները հորեղբոր աղջիկներ էին:
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/30/51289/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչների հետ Դեղձուտ-Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխել էին Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 25-ամյա Նորայր Գասպարյանին:
Ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշմամբ նշված վայրում տեղի էր ունեցել քննչական փորձարարություն, որի ժամանակ Ն. Գասպարյանը, ով կասկածվում էր ապրիլի 28-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհիներ, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանին և 31-ամյա Մարինե Աբրահամյանին իր վարած Գազ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ավագ քննիչ Ն. Այվազյանին մատնացույց էր արել և պատմել դեպքի հանգամանքները, թե որտեղ էր հարվածել վրաերթի ենթարկվածներին, հետո՝ որտեղ էր հայտնաբերել նրանց և ինչ վիճակում, այնուհետև ճանապարհի որ հատվածում էր թողել ավտոմեքենան, որտեղ էր գնացել վրաերթից հետո:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքից անմիջապես հետո Ն. Գասպարյանի պատմելով՝ ինքը վախեցել էր մահացածների հարազատների հաշվեհարդարից, դրա համար էլ հեռացել էր դեպքի վայրից, սակայն մինչ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և մարզի քննչական վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ էին ստացել և մի քանի խմբեր արդեն մեկնել էին նրա բնակության վայրը, զրուցել անգամ գյուղապետի հետ, որից հետո հասկանալով, որ չի կարող խուսափել պատասխանատվությունից, ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ներկայացել էր ոստիկանության Արտաշատի բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+