1027 դիտում
23:16 02-05-2015
Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Ապրիլի 29-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն կազմակերպվել էր Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Հանս Լինդեի և Ֆրեդրիկ Մալմի կողմից։
Միջոցառմանը ներկա էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, հաղորդում է ԱԳՆ-ն:
Ելույթով հանդես է եկել խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, պատգամավորներ Հանս Լինդեն և Ֆրեդրիկ Մալմը, Սիրիական ուղղափառ պատրիարքության ներկայացուցիչ Մուրատ Փոսլուկը։
Ժողովրդական (լիբերալ) կուսակցության պատգամավոր Ֆրեդրիկ Մալմը խոսեց Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. ընդունված բանաձևի կյանքի կոչման կարևորության մասին։
Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, որոնց ականատեսն ենք լինում այսօր Սիրիայում, դեսպանը խստորեն դատապարտեց նաև Սիրիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության արժեքների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները։ Դեսպանն ընդգծել է, որ պատմությունը չի կարող թողնվել միայն պատմաբաններին, ինչպես մարդու իրավունքները չեն կարող թողնվել միայն իրավաբաններին։ Քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին` լինի դա ներկայում, թե անցյալում։
Արտակ Ապիտոնյանը հիշատակել է Շվեդիայի առաջադեմ գործիչներին, ովքեր Ցեղասպանության տարիներին հայանպաստ գործունեություն են ծավալել՝ միսիոներուհի Ալմա Յոհանսոն, Ստոկհոլմի քաղաքապետ Կարլ Լինդհագեն, աստվածաբան Նաթանաել Բեսկով և այլն։ Նա հատուկ անդրադարձավ ժամանակի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և ապագա վարչապետ Յալմար Բրանտինգին, ով դեռեւս 1917թ. նկարագրել էր հայկական ջարդերը` որպես կազմակերպված և հետևողականորեն իրականացված ցեղասպանություն՝ օգտագործելով այդ եզրույթի շվեդերեն` «folkmordet» տարբերակը։
Դեսպանը երախտիքի խոսք է հայտնել նաև Շվեդիայի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներին, ում ջանքերի շնորհիվ 2010թ. խորհրդարանի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
Ձախ խմբակցության ղեկավար Հանս Լինդեն նշել է, որ տպավորված է ապրիլի 22-ից 24-ը Երևանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների բարձր մակարդակով։ Լինդեն նաև բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության ստանձնած ակտիվ դերակատարումը՝ նշելով, որ նման բարձր բարոյականությամբ օժտված արտաքին քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի մյուս երկրների համար։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանը նույնպես կիսել է իր տպավորությունները Հայաստանում անցկացված հիշատակի միջոցառումներից, ներկայացրել Երևանում կազմակերպված Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ ֆորումում իր ելույթը, որում անդրադառնում էր Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությանը և Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Միջոցառման ընթացքում հնչել են հայկական և ասորական երգեր։
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
12:04 14-04-2015
Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
842 դիտում
13:46 14-04-2015
Տորոնտոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
748 դիտում
17:24 18-05-2015
Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»