211652_close_icon
views-count64349 դիտում article-date 02:13 06-05-2015

Խոշոր ավտովթար Բաղրամյան պողոտայում. երիտասարդ վարորդը Range Rover-ով հարվածել է ՀՀ նախագահի նստավայրի առջև ծառայություն կատարող ոստիկանության ավտոմեքենային. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Range Rover մակնիշի 88 OL 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայանված Gonow մակնիշի 408 ՈU 02 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Gonow-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում և այդ ավտոմեքենան Range Rover-ի հարվածի արդյունքում առաջ է ընթացել և հարվածել ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղադրված քարե ծաղկամանին և բոլարտին: Վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, Մալաթիայի և Արաբկիրի ոստիկանության բաժինների պետերը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը ու հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Սիլ ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մյուս վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից 2-ը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցներ են, իսկ Range-ը վարել է Երևան քաղաքի Ֆուչիկի 25 շենքի բնակիչ 24-ամյա Պերճ Յախանեջյանը: *** 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ հիվանդանոց են տեղափոխվել Range Rover-ի վարորդ Պերճ Յախանեջյանը, նրա ուղևոր Ալեքսանդր Ղարիբյանը, ում տարիքն ու բնակության հասցեն պարզվում է, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենան վարած, սակայն այդ պահին կայանված վիճակում գտնվող և ծառայություն կատարող Երևանի բնակիչ, 29-ամյա Գոռ Հակոբյանն ու 44-ամյա Արայիկ Գևորգյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Հակոբյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտում, իսկ Ա. Գևորգյանը՝ նույն գնդի նույն վաշտում՝ որպես ջոկի հրամանատար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Range Rover-ի վարորդ Պ. Յախանեջյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ: Պ. Յախանեջյանն աշխատում է «Գազ պրոպան» ՍՊԸ-ում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր