211652_close_icon
views-count2074 դիտում article-date 14:57 06-05-2015

Հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանի դերը «Բորուսիայում» կարող է մեծանալ

Գերմանական «Bild» պարբերականը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» առաջիկա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ բաժանվել Հենրիխ Մխիթարյանից: Ավելին, Տուխելը մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ եւ մտադիր է հայ ֆուտբոլիստին առանցքային դեր հատկացնել թիմում՝ նրան խաղացնելով փլեյմեյքերի դիրքում: Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ լուրեր էին շրջանառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը լքելու է «Բորուսիան»: Նշվում էին նաեւ մի շարք ակումբների անուններ, որոնք հետաքրքված են Մխիթարյանի ծառայություններով. Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն ամենաակտիվը հոլովվում է Թուրինի «Յուվենտուսի» անունը: Նշվում է, որ եթե «Յուվենտուսը» չկարողանա իր կազմում պահպանել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որի ետեւից իսկական որս են սկսել եվրոպական գրեթե բոլոր գրանդ ակումբները, ապա նրան որպես փոխարինող մտադիր է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին որոշակի ակնարկներ արեց նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան: Ինչ վերաբերում է Թոմաս Տուխելին, ապա նա Յուրգեն Կլոպին կփոխարինի մրցաշրջանի ավարտից հետո: Ուշագրավ է, որ Տուխելը երկրորդ անգամ է զբաղեցնելու Կլոպի տեղը: Առաջին անգամ Տուխելը 2008 թվականին է Կլոպին փոխարինել «Մայնցում», երբ Կլոպը տեղափոխվեց հենց «Բորուսիա»:

Նմանատիպ նյութեր