37510 դիտում
08:27 20-05-2015
Արտակարգ իրավիճակ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքի հատվածում. ճանապարհը 25 մետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ փլուզվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները ծառայության ժամանակ նկատել են, որ խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական շրջանում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները անմիջապես նշված հատվածում դադարեցնում են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանին և ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից փլուզման վայրում են՝ գտնվում նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Ժամանել են Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան կառույցների պատասխանատուները՝ փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վայքի քաղաքապետարանի պատասխանատուները՝ Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ: Այս անգամ օպերատիվ են գործել Վայքի Ճանշինի պատասխանատուները՝ Ճանշինի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր հսկայական աշխատանքներ են սկսել կատարել նշված հատվածում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև այս պահը ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «մեծն» չինովնիկները չկան՝ այն դեպքում, երբ իրավիճակի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը հրատապ հաղորդել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փլուզվել է 25 մետր երկարության և 8 մետր լայնության ճանապարհահատվածը և այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
17:09 18-03-2016
Գորիս-Սիսիան ավտոճանապարհի և Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210-215-րդ կմ հատվածում բուք է