211652_close_icon
views-count2221 դիտում article-date 15:49 20-05-2015

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ֆրանսիային՝ ԼՂՀ նախագահին պաշտոնապես հյուրընկալելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ֆրանսիայի իշխանություններին՝ կապված Ֆրանսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի հետ: Nնոտան հանձնվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Մայիսի 18-ին Նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արեւելյան մասում գտնվող Դրոմի շրջան եւ շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ: Քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի եւ Արցախի, Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ: Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր: Իսկ մայիսի 18-ին Բակո Սահակյանն այցելել է Ֆրանսիայի արեւելյան մասում գտնվող Ռոնի շրջան եւ հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Արցախի պատվիրակությունը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի հետ համագործակցությունը համարել է պահանջված՝ հավելելով, որ փոխգործակցության հետագա ընդլայնման համար կան խոստումնալից հեռանկարներ:Իսկ այսօր Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:

Նմանատիպ նյութեր