211652_close_icon
views-count1124 դիտում article-date 19:20 25-05-2015

Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց կատարել Իտալիայի Ուդինե շրջան

Մայիսի 21-ից 22-ը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ուդինե քաղաք: Այն նույն անունը կրող շրջանի մայրաքաղաքն է: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Ուդինե շրջանի նախագահ Պիետրո Ֆոնտանինիի, Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի շրջանային խորհրդի նախագահ Ֆրանկո Իակոպի, Ուդինեի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի, Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնիի, քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Պիրոնեի և Ուդինեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրեա Բրունո Մաձոկատոյի հետ: Ուդինե շրջանի նախագահ Պիետրո Ֆոնտանինիի, շրջանային խորհրդի նախագահ Ֆրանկո Իակոպի և Ուդինեի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և, մասնավորապես, Ուդինեի շրջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և Իտալիայի մեջև առևտրաշրջանառությունը կայուն աճ է արձանագրում: Քննարկվեցին նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո կողմերի միջև գործակցության հաստատման հավանական ոլորտները, կարևորվեց առևտրական պատվիրակությունների փոխայցելությունների հաճախակիացումը: Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնիի հետ հանդիպմանը ընդգծվեց կրթության ոլորտում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ քայլեր պետք է ձեռնարկել Երևանի պետական համալսարանի և Ուդինեի համալարանի միջև վերջերս ստորագրված համագործակցության համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու նպատակով: Ուդինեի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Պիրոնեի հետ հանդիպմանը քննարկվեց առաջիկայում Հայաստանին նվիրված համատեղ մշակութային միջոցառում կազմակերպելու հարցը: Ուդինեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրեա Բրունո Մաձոկատոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից այդ կապակցությամբ տրված պատարագը, անդրադարձ կատարվեց Միջին և Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնության իրավիճակին: Արքեպիսկոպոսը նշեց, որ ինքնության պահպանման հարցում շատ բան կա սովորելու հայերից, և առաջարկեց այդ առնչությամբ համատեղ գիտաժողով կազմակերպել: Մայիսի 21-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Ուդինեի Արդյունաբերողների միության և առաջատար ձեռնարկությունների ղեկավար ներկայացուցիչների հետ: Ընթրիքի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները: Մայիսի 22-ին Ուդինեի Արդյունաբերողների միության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով: Համաժողի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և Ուդինեի Արդյունաբերողների միությունը: Համաժողովի ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակն ու գործարար միջավայրը, ներդրումային դաշտն ու ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, տարածաշրջանի երկրների համեմատ տնտեսական առավելությունները և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունները: Այնուհետև դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին: Գործարար համաժողովին ներկա էին շրջանի արդյունաբերության և առևտրի ոլորտը ներակայացնող շուրջ 25 ձեռնարկությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվային լրատվամիջոցների կողմից:

Նմանատիպ նյութեր