211652_close_icon
views-count1275 դիտում article-date 09:57 26-05-2015

Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ

«Եվ այսպես. մեր երկիրը ներկայացնող «Genealogy» խումբը «Եվրատեսիլ» մրցույթում ընդհանուր առմամբ 34 միավոր է ստացել և գրավել 16-րդ հորիզոնականը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մի խոսքով, ինչ-որ տեղ, տասնյակից դուրս: Սովորաբար Հայաստանը ներկայացնող տարբեր խմբեր գոնե տասնյակի մեջ են լինում: Բայց դա էլ, երևի թե, այնքան էական չէ: Այստեղ առհասարակ այլ բաներ են ավելի էական թվում: Նախ, ընդհանրապես, որքանո՞վ է արդարացված կամ իմաստավորված մեր երկրի մասնակցությունը այդ մրցույթին, ի՞նչ գաղափարաբանության մեջ է այդ մասնակցությունը, ինչո՞ւ է դա մեզ պետք, ի՞նչ է տալիս, որքանո՞վ է նպաստում երգարվեստի ոլորտում մեր ներքին զարգացմանը ու նման այլևայլ հարցեր: Որքան հետևում եմ այդ մրցույթին հաջորդած ժամանակահատվածին, գոնե վերջին տասնամյակում դեռ չեմ նկատել, որ «Եվրատեսիլում» հաղթող ճանաչված որևէ կատարում գոնե մի տարի համաշխարհային ընդգրկմամբ կամ գոնե եվրոպական ընդգրկմամբ, այսպես ասած, «հիթ» լինի, այսինքն՝ բոլոր հնարավոր ծակուծուկերից լսվի այդ ստեղծագործությունը, թերևս Ռիբակի եզակի դեպքը բացառած: Այն էլ հիմա այնքան էլ երևի շատերը չեն հիշում: Պարզ ասած, գնալով ավելի է խորանում տպավորությունը, որ սա զուտ կիսաքաղաքականացված մրցույթ է, որն ավելի շատ հետաքրքիր է գերազանցապես դրա մասնակիցներին ու մրցույթից մեկ-երկու օր անց լիովին մոռացվում է, հետք չի թողնում: Հարց է ծագում. իսկ մեզ դա պե՞տք է: Հարցն ամենևին անտեղի չէ, քանզի ամեն տարի բավական ռեսուրսներ ու միջոցներ են ներդրվում այդ գործի մեջ: Եթե մենք անսահմանափակ ռեսուրսների տիրապետող լինեինք, հարցը գուցե չծագեր: Բայց չէ՞ որ նույն այդ միջոցները հնարավոր է ծախսել՝ ավելի մեծ արդյունքի ակնկալիքով: Հա, թող էլի երգարվեստի, մշակույթի բնագավառում ծախսվեն, բայց համեմատաբար հիշվող ու մնայուն բաների համար» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր