211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:34 26-05-2015

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Տոկիոյում

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել ՌՈՏՈԲՈ կազմակերպության Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Հիրոշի Տակահաշիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես երկկողմ առեւտրատնտեսական կոմիտեների ստեղծմանը, հայ եւ ճապոնացի գործարարների միջեւ կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ համատեղ գործարար ֆորումների անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդարանական պատվիրակության հաջորդ հանդիպումը Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ կարեւորելով այս տարվա հունվարից Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը, ինչը նպաստում է համատեղ ջանքերով հաստատված բարեկամական կապերի առավել խորացմանը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Տակաո Մակինոյին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով` հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի զարգացմանն աջակցելու համար: Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ: Կողմերը քննարկել են Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ` կարեւորելով ներկայում բնական աղետների կանխարգելման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր